ՀՀ Զինդատախազ Գեւորգ Կոստանյանի հոր` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանի օգնական Արտակ Սահակյանը մարտի 18-ին դանակահարվել է եւ մինչ օրս աշխատանքի չի գնում, գրում է «Հայկական ժամանակ»-ը:
ՀՀ ոստիկանությունից թերթի թղթակցին հայտնել են, որ ենթադրվում է, թե Արտակ Սահակյանը դանակահարվել է կենցաղային , իսկ ավելի ճիշտ` խանդի հողի վրա ծագած վեճի պատճառով: Միջադեպի հետ կապված ՀՀ ՔՕ 112 հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ առողջությանը վնաս հասցնելը) մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է: Ըստ լուրերի, կալանավորվածը նույն դատարանի աշխատակցուհիներից մեկի սկեսրայրն է:
Սա Սուրիկ Կոստանյանի աշխատակիցների հետ կապված առաջին սկանդալային պատմությունը չէ: Պարզապես, ի տարբերություն նախորդ դեպքի, այս անգամ նա անձամբ դրանում ներքաշված չէ, ինչպես նույն դատարանի նախկին դատավորներից մեկի`Կարեն Ստեփանյանի հետ կապված աղմկոտ պատմության ժամանակ: Կարեն Ստեփանյանը Սուրիկ Կոստանյանի հետ վեճից հետո նրա աշխատասենյակում վնասել էր դաստակի երակները:





























