Բադեն-Վյուրդենբերգի տեղական ընտրություններում «Կանաչների» կուսակցության գլխավոր թեկնածու Ուինֆրիդ Կրեչմանը (Winfried Kretschmann), դարձել է բեռլինյան 104,6 RTL ռադիոյի լրագրողների կազմակերպած հեռախոսային կատակի զոհը, հայտնում է Spiegel-TV-ն:
Կրեչմանին իբրեւ թե զանգահարել են դաշնային կանցլերի գերատեսչությունից; Հատուկ հրավիրված դերասանուհին Անգելա Մերկելի ձայնով շնորհավորել է «Կանաչների» առաջնորդին ընտրությունների արդյունքների առթիվ. «Նախեւառաջ, ես, սիրտս պնդելով, շնորհավորում եմ Ձեզ հաղթանակի կապակցությամբ»,- ասել է նա:
Կրեչմանի մտքով չի անցել, որ դա կատակ է նույնիսկ այն պահին, երբ զրույցը սկսել է կատակի վերածվել, ինչը բոլորովին բնորոշ չէ Գերմանիայի կանցլերի զուսպ բնավորությանը: «Հաճելի զգացողություն է հաղթող լինելը, այնպես չէ՞: Դուք դրան սովոր չեք», - հարցրել է «Մերկելը»:
Երբ Կրեչմանը պատասխանել է, որ իրեն լավ է զգում, բայց նաեւ իրենից մեծ սպասելիքներ ունեն եւ իրեն ծանր աշխատանք է սպասվում, «կանցլերն» ասել է. «Այո, այո…. Բլա-բլա-բլա, ես էլ եմ միշտ նույն հիմարությունը պատմում»:
Ինչպես նշում է այդ ամենին ներկա գտնվող Spiegel-ի թղթակիցը, հեռախոսափողը դնելուց հետո էլ քաղաքական գործիչը մինչեւ վերջ վստահ չէր, որ դարձել է կատակի զոհ: Հարցին, թե ո՞վ էր զանգահարել, նա պատասխանել է «տիկին Մերկելը», սակայն կտրականապես հրաժարվել է հայտնել խոսակցության բովանդակությունը:
Ավելի ուշ 104,6 RTL-ի լրագրողները զանգահարել են Ուինֆրիդ Կրեչմանին եւ հայտնել, որ նա դարձել է կատակի զոհ:





























