Մոսկվայում 76 տարեկան հասակում կյանքից հեռացել է արտիստուհի Լյուդմիլա Գուրչենկոն, RBC-ին հայտնել է նրա ամուսինը` Սերգեյ Սենինը: Վերջին շաբաթներին դերասանուհին լուրջ հիվանդ էր եւ բժիշկները վախենում էին նրա կյանքի համար:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», նախնական տվյալներով, դերասանուհին մահացել է սրտի տագնապից: Շտապօգնություն կանչել են Երեւանի ժամանակով 18:48-ին, այն ժամանել է 21 րոպե հետո, քանի որ քաղաքի կենտրոնում խցանումներ են եղել: Մինչեւ բժիշկների ժամանելը, Գուչենկոն արդեն մահացած է եղել:
Այս տարվա փետրվարին Գուրչենկոն շան հետ զբոսնելու ժամանակ իր տան մոտ անհաջող վայր էր ընկել: Արդյունքում նա ծանր վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց: Բժիշկները 76-ամյա դերասանուհու մոտ հայտնաբերել էին ազդրի փակ կոտրվածք, հաղորդում է Newsru. Com-ը:
Խորհրդային կինոյի լեգենդ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լյուդմիլա Գուրչենկոն ծնվել է 1935 թվականին` Խարկովում: Նա առաջին անգամ նկարահանվել է «Ճշմարտության ճանապարհը» ֆիլմում: Նույն տարում նա նկարահանվել է «Կառնավալային գիշեր» կատակերգությունում, որտեղ խաղացել է ակումբի երիտասարդ աշխատակցի դերը: Այդ ֆիլմում նա կատարել է «5 րոպե» երգը:
Հետագայում Գուրչենկոն բազմաթիվ ֆիլմերում է նկարվել, որոնցից են «Կայարան երկուսի համար», «Մեխանիկ Գավրիլովի սիրելի կինը», «Սիբիրիադա», «Սեր եւ աղավնիներ» եւ այլն:





























