Շիրակի մարզի երիտասարդությունը դրսում է. նախորդ տարվա համեմատ ոչ միայն սոցիալական խավն է բռնում արտագաղթի ճամփան, այլեւ նրանք, ովքեր աշխատանք ունեն: Շիրակի մարզի միգրացիոն տեղեկատվական կենտրոնի աշխատակիցները, ովքեր ցուցակագրում, հաշվառում ու նաեւ իրավաբանական խորհրդատվություն են տրամադրում Շիրակի մարզից արտագաղթող քաղաքացիներին, ահազանգում են, թե վիճակը լուրջ է:
«Երկրից մեկնում են առաջին իսկ հնարավորության դեպքում՝ առանց հաշվի առնելու դրսում աշխատանք կա, թե` ոչ: Երկրից մեկնելու համար պատրաստ են նույնիսկ օրենք խախտել: Հիմա ոչ միայն Ռուսաստան, այլ նաեւ Ֆրանսիա եւ Չեխիա են մեկնում ու ապաստան խնդրում մեր համաքաղաքացիները: Դրսից եկողներն էլ, ովքեր քիչ թիվ են կազմում, առանց վարանելու գնում են Հայաստանից: Նրանք հիմնականում այն բիզնեսմեններն են, ովքեր տեղում չեն հարմարվել հարկային քաղաքականությանը»,-NEWS am-ի թղթակցի հետ զրույցում իր անհանգստությունն է արտահայտել է Շիրակի մարզի միգրացիոն տեղեկատվական կենտրոնի համակարգող Սերգեյ Գաբրիելյանը:
Երկրում ծրագրեր են իրականացվում անկանոն միգրացիոն հոսքերը կառավարելու եւ արտագաղթն ինչ-որ չափով կանխարգելելու նպատակով, բայց ըստ մասնագետների՝ ամեն-ինչ կարծես հակառակ արդյունքն է տալիս:
«Շատերի համար ուսումն այլեւս հետին պլան է մղված, ծառայությունից վերադառնում են ու հեռանում երկրից: Զարմանալին այն է, որ նախորդ տարվա նման ոչ միայն սոցիալապես խոցելի խավն է բռնում արտագաղթի ճանապարհը, այլեւ նրանք, ովքեր տեղում ունեն լավ աշխատանք եւ համեմատաբար լավ պայմաններում են ապրում: Քաղաքից եւ գյուղերից հեռանում են հավասարապես»,-ասել է Շիրակի մարզի միգրացիոն տեղեկատվական կենտրոնի աշխատակից Ալվարդ Մինասյանը:




























