«ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանը, որին պաշտոնի չարաշահման հետ կապված մեղադրանք է առաջադրվել, այժմ պահվում է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում` անվտանգության ծառայությանը կից: Կալանքի սանկցիան դատարանում քննելիս նրան ուշիուշով մեկուսացրել էին` չթողնելով շփվել լրագրողների հետ, եւ այդ մեկուսացումը բարեհաջող շարունակվում է այսօր, քանի որ այդ առումով «Կագեբեի» մեկուսարանն անխոցելի է: Նրա մոտ այս օրերին մուտք են գործել միայն կինն ու որդին, ինչպես նաեւ փաստաբանը, որի անձի ընտրությունը եւս խոսում է այն մասին, որ Թամամյանի նկատմամբ խիստ հսկողություն է սահմանվել: Նրան պաշտպանում է փաստաբան Վաղինակ Գեւորգյանը, որը հայտնի է իշխանական իրավապահների հետ սերտ հարաբերություններով եւ հատկապես դատախազությանը որոշակի ծառայություններ մատուցելով:
Ժամանակին մի քանի աղմկոտ սպանություններ եղան, որտեղ Գեւորգյանի ստորագրությամբ օրինականացրել էին մեղադրյալի նկատմամբ անօրինական հարցաքննությունը, զննությունը եւ առերեսումը: Ըստ ամենայնի, Թամամյանին չեն թողել ընտրություն կատարել, նրան առաջարկել են պայմանագիր կնքել հենց այս փաստաբանի հետ եւ ընդհանրապես` ընդունել խաղի այն կանոնները, որն առաջարկում են իրեն, հակառակ դեպքում` «վատ կլինի»: Եւ վերջինս հույսը դրել է իշխանությունների եւ մասնավորապես` դատախազության ողորմածության վրա: Դե նրանից լավ ոչ ոք չի իմանա, թե ինչ կարող է իրեն սպասվել` անհնազանդություն դրսեւորելու դեպքում»,-գրում է «Հրապարակ»-ը:




























