Դոնի կազակների զորքի ներկայացուցիչները կասկածելի եւ տարօրինակ են համարել ֆրանսիացի դերասան Պիեռ Ռիշարին կազակների շարքերն ընդգրկելու արարողությունը, որը տեղի է ունեցել մարտի 20-ին, կազակների մայրաքաղաք Ստարոչերկասկում:

«Դեղին կոշիկով բարձրահասակ շիկահերին» կազակների շարքերն ընդգրկելը կազակները ֆարս են համարում: «Հավատացեք, մենք հարգանքով ենք վերաբերվում Ռիշարի գեղարվեստական ստեղծագործությանը, սակայն ի՞նչ կարիք կար այդքան կոպտորեն խախտել կազակական սովորույթները»,-ասվում է Դոնի կազակների զորքի բաց նամակում, որը տեղադրված է կազմակերպության պաշտոնական կայքում: 

Ուղերձը ստորագրված է  Դոնի կազակների զորքի ատամանի կողմից եւ հասցեագրված է Ռոստովի մարզի կազմակերպությունների եւ ստորաբաժանումների ներկայացուցիչներին:

Ատամանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ վերջին շրջանում Դոնում ի հայտ է եկել արատավոր «ավանդույթ»` հյուր եկած անձանց ընդունել կազակների շարքերը: