Եթե Ջավախքի վրացականացումը շարունակվի, հայերն իրենց պատմական տարածքում փոքրամասնություն կդառնան։ Ապրիլի 1-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ա-ինֆո» միության նախագահ Արտակ Գաբրիելյանը։
Նրա խոսքով, ներկայումս Ջավախքում թուրքերի մեծ հոսք է նկատվում, ինչը կապված է Վրաստանի եւ Թուրքիայի սահմանի բացման հետ։ Թուրքերը, որ առեւտրով են զբաղվում, Ջավախքի տարածքում տներ եւ հողեր են ձեռք բերում։ «Եթե առաջ Ջավախքում առաջ կարելի էր հանդիպել 10 վրացու, իսկ թուրքեր ընդհանրապես չկային, իսկ հիմա կարելի է հանդիպել 50 վրացու եւ 10 թուրքի»։
Գաբրիելյանը նշեց նաեւ, որ ներկայումս Ջավախքում ապրում է 200 հազար հայ, Ախալքալաքի բնակչության 95-97, Նինոծմինդայինը՝ 98, իսկ Ախալցխայի բնակիչների 40-45 տոկոսը հայեր են։
Անդրադառնալով Վրաստանի ազգային փոքրամասնությունների վիճակին՝ Գաբրիելյանը նկատեց, որ ջավախքցիներից մի փոքր ավելի վատ վիճակում են ադրբեջանցիները. «Եթե հայկական դպրոցների տնօրենները հայեր են, ապա ադրբեջանական կրթօջախներում այդ պաշտոնները վրացիներ են զբաղեցնում»։





























