Դերասան եւ հաղորդավար Սերգեյ Դանիելյանը (Յոժ) մտավորական շրջանակներում հայտնի է որպես հումորով մարդ եւ ապրիլի 1-ին հատկապես մեծ հրճվանքով է հումորներ անում, ինչու չէ`նաեւ խաբում իր «միամիտ» ընկերներին:  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  Դանիելյանը նշեց, որ ապրիլի 1-ին խաբել է շատերին ու իր սուտը լուրջ է ընդունվել գրեթե բոլոր ընկերների կողմից:

«Զանգեցի ընկերներիցս մի քանիսին, ասացի` մեքենայիս ռադիատորը ջուրը տաքացրել է, մի դույլ ջուր վերցրեք ու վազեք փողոց: Պատկերացրեք, իմ սուտն աշխատեց, եւ ոչ մեկի մտքով չանցավ, որ սուտ եմ ասում. բոլորը մի-մի դույլ առած` փողոց էին վազել»,-իր չարաճճիության մասին պատմեց դերասանը:

Ի դեպ, Դանիելյանը ապրիլի 1-ին խաբելու սովորություն է ունեցել նաեւ երեխա ժամանակ: «Ես, այսպես ասած` զիբիլի զանգ ունեի, առավոտ շուտ արթնանում էի, զիբիլի զանգը տալիս էի, մարդիկ միանգամից դուրս էին թափվում, ես էլ մի անկյունում կանգնած խնդմնդում էի»,-պատմեց Դանիելյանը: 

Պարզվում է, որ եղել են դեպքեր, երբ նրան էլ են խաբել: Ընդ որում`շատ դաժան սուտ են ասել: «Օրինակ, սուտ են ասել, որ մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, որ մարդու իրավունքները պաշտպանված են Հայաստանում, որ ընտրությունները արդար են անցնում եւ այս կարգի այլ դաժան ստեր»,-ասաց Դանիելյանը:

Նա նաեւ մաղթանք հղեց բոլորին, ասելով, որ թեթեւ ապրեն, հաճախ ժպտան եւ հումոր անելիս էլ աշխատեն լինել «որակով եւ դիմացինին չվիրավորեն»:

Սերգեյ Դանիելյանը հավատում է հումորի առողջարար ուժին: Ասում է, որ հումորով մարդկանց իմունիտետը բարձր է լինում, նրանք ուշ են հիվանդանում եւ ուշ էլ մահանում են: