ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը  քաղաքական եւ ամենատարբեր շրջանակներում հայտնի է որպես հումորով մարդ, երգիծանքի մեծ վարպետ, ով աշխատանքի ամենաթունդ պահին անգամ, ըստ նրա հետ շփում ունեցողների, կարող է «սպանող» հումոր անել ու ցնցել ներկաներին:

Երբ NEWS.am-ը Գառնիկ Իսագուլյանի հետ զրույցից առաջ նշեց նրա այդ հատկությունների մասին, նա, անակնկալ կերպով արձագանքեց. «մեղա, մեղա…»: Պարոն Իսագուլյանի համար, պարզվում է, ապրիլի 1-ը նշանավոր օր է, ոչ միայն այն պատճառով, որ այդ օրն ընդունված է խաբել ու հումորներ անել, այլ որ այդ օրն իր եղբոր ծննդյան օրն է: «Այնպես որ` ապրիլի 1-ին, կամա, թե ակամա, շատ հետաքրքիր է անցնում»:

Հարցին, թե այս տարի ապրիլի 1-ին հումոր արե՞լ է եւ կամ խաբե՞լ է որեւէ մեկին, Իսագուլյանը  պատասխանեց. «Ես ապրիլի 1-ից մի օր առաջ ինձ տրամադրում եմ, որ հաջորդ օրը խաբելու օր է եւ այդ օրը ինչ ասեն` ճիշտ, թե` սխալ, լուրջ, թե` անլուրջ, չեմ հավատալու: Բայց միշտ ստացվում է այնպես, որ ինձ ապրիլի 1-ին համարյա չեն խաբում:  Կատակներ անում են, բայց խաբել դեռեւս չի ստացվել»,-հավաստիացրեց Իսագուլյանը:

Նա, սակայն, չհիշեց որեւէ տպավորիչ կատակ, որն արել են իր հետ: Չհիշելու պատճառն այն էր, որ նա «լուրջ գործով» տեղ էր գնում` ներկայացնելու ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտորի նոր պաշտոնակատարին: Հատուկ նշեց, որ լուրջ ընդունենք իր վերջին հայտարարությունը: