Համազգային պետական թատրոնի դերասանները, ովքեր «Հայ թատրոնի ամիս» ծրագրի շրջանակներում, Լիբանանի Համազգայինի շրջանային վարչության հրավերով  գտնվում են Բեյրութում, ապրիլի 2-ին այցելել են Լիբանանում ՀՀ դեսպանատուն:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպան Աշոտ Քոչարյանը ջերմորեն ողջունել է  հյուրերին եւ ընդգծել հայաստանյան թատրոնի ներկայացուցիչների  Սոս Սարգսյանի 80-ամյակին նվիրված հյուրախաղերի կարեւորությունը: Նա համոզմումք  է հայտնել, որ հայկական թատրոնի ներկայացումներն էլ  ավելի են ամրապնդում եւ խորացնում  Հայաստան-Սփյուռք մշակութային կապերը:

Համազգային պետական թատրոնի դերասանները ապրիլի 1-3-ին լիբանանահայ հանդիսատեսին են ներկայացրել Վիլյամ Սարոյանի «Փրկության կղզին»,  Ռոբերտ Լամուրեի «Ախ կանայք, կանայք» եւ Էդվարդո դը Ֆիլիպպոյի «Ծննդյան տոները սենյոր Կուպելլոյի տանը» ներկայացումները: Հյուրախաղերն անցել են մեծ հաջողությամբ եւ արժանացել բարձր գնահատանքի: