Բաղդադում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել եւ օդ կրակել մայրաքաղաքի փողոցներում բազմահազարանոց բողոքի ցույցը ցրելու համար, որտեղ եռօրյա ընդմիջումից հետո վերսկսվել էին նախատեսված հակակառավարական ցույցերը, տեղեկացնում է AP-ը։
Բողոքները կոռուպցիայի, գործազրկության եւ բազային ծառայությունների բացակայության դեմ սկսվել են հոկտեմբերի 1-ին։ Բախումների ընթացքում անվտանգության ուժերը կրակել են մարտական փամփուշտներով, ինչի հետեւանքով զոհվել են մարդիկ։
Բողոքները տարածվել են հարավային մի քանի նահանգներում, եւ իշխանությունները պարետային ժամ էին մտցրել ու մի քանի օր անջատել ինտերնետը, որպեսզի ճնշեն հուզումները։
Բռնության շաբաթից հետո երկրի մայրաքաղաքում եւ հարավային նահանգներում կառավարության կողմից նշանակված հետաքննությունը պարզել է, որ անվտանգության ուժերը կիրառել են չափն անցնող ուժ, ինչի հետեւանքով սպանվել է 149 մարդ, վիրավորվել ավելի քան 3000-ը։ Զոհվածների մեջ անվտանգության ուժերի ութ աշխատակից կա։
Այսօր, այն բանից հետո, երբ հազարավոր ցուցարարներ անցել են Ջումհուրիա կամուրջը, որը տանում է դեպի Բաղդադի ուժեղ ամրացված Կանաչ գոտի, որտեղ գտնվում են ԱՄՆ դեսպանությունն ու Իրաքի կառավարական հաստատությունները, իրաքցի ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ եւ սկսել օդ կրակել՝ ընդվզողներին հետ մղելու համար։





























