Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Էդգար Հովհաննիսյան) որոշել է կարճել Գևորգ եպիսկոպոս Սարոյանին (Արման Սարոյան) Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու հայցով հարուցված քաղաքացիական գործի վարույթը՝ այն հիմքով, որ վեճը ենթակա չէ քաղաքացիական դատավարության կարգով քննության։ Դատարանը նշել է, որ Սարոյանի և Հայ առաքելական եկեղեցու միջև աշխատանքային հարաբերությունների առկայությունն ապացուցված չէ, գրում է «Հետքը»։
Դատարանը գործի քննությունն ավարտել էր, և դատական ակտը պետք է հրապարակեր դեռևս 2026թ. օգոստոսի 18-ին, սակայն հրապարակվել է հոկտեմբերի 21-ին։
Արման Սարոյանը դատարանից պահանջում էր անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ 2026թ. հունվարի 10-ի կարգադրությունը և վերականգնել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։
Նա պնդել է, որ հոգևոր ծառայության ամբողջ ընթացքում, այդ թվում՝ Մասյացոտնի թեմի առաջնորդ եղած ժամանակ, պատշաճ է կատարել իր պարտականությունները և պահպանել կիրառելի կանոնները։ Նրա պնդմամբ՝ նախկինում չեն արձանագրվել այնպիսի դեպքեր, որոնք կվկայեին կանոնների խախտման կամ թեմի խնդիրները ոչ արդյունավետ լուծելու մասին։
Սարոյանը նշել է, որ 2026թ. հունվարի 10-ին անակնկալ կերպով, առանց նախազգուշացման, հիմնավորման կամ իրեն վերագրվող արարքներն ուսումնասիրելու պատշաճ ընթացակարգերի, ազատվել է պաշտոնից։
Արման Սարոյանի դիրքորոշմամբ՝ թեմի առաջնորդին պաշտոնից ազատելու իրավունքը չի կարող անսահմանափակ կամ կամայական լինել։ Որոշումը պետք է հիմնված լինի կոնկրետ և ապացուցելի փաստերի վրա։ Նա համարել է, որ իր ազատման համար հիմնավոր պատճառ չի եղել, իսկ որոշումն ընդունվել է առանց անհրաժեշտ ուսումնասիրությունների։
Հայցվորը նաև պնդել է, որ իրեն առանց համաձայնության հոգևոր ծառայությունից ազատելն իրավաչափ չէ։
Պատասխանող Հայ առաքելական եկեղեցին (ներկայացուցիչներ՝ Արա Զոհրաբյան, Սամվել Սիմոնյան, Մանե Կարապետյան) չի ընդունել Արման Սարոյանի պնդումները և խնդրել է կարճել գործի վարույթը։ Մայր Աթոռի հիմնական փաստարկն այն է եղել, որ թեմի առաջնորդ նշանակելը, պաշտոնից ազատելը և հոգևոր աստիճանից զրկելը եկեղեցու ներքին կառավարման հարցեր են, որոնց նկատմամբ պետությունը, այդ թվում՝ դատարանը, չպետք է վերահսկողություն իրականացնի։
Մայր Աթոռը վկայակոչել է ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածը, որով երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը և սահմանվում է դրանց անջատվածությունը պետությունից։ Նշվել է նաև, որ պետությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ինքնության պահպանման գործում։
Եկեղեցու ներկայացուցիչները հղում են կատարել նաև «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքներին՝ պնդելով, որ եկեղեցու ինքնակառավարման իրավունքը ներառում է հոգևորականների ձեռնադրումը, կարգալույծ հայտարարելը, հոգևոր պաշտոններում նշանակելն ու պաշտոններից ազատելը։
Մայր Աթոռի դիրքորոշմամբ՝ Կաթողիկոսի 2026թ.-ի հունվարի 10-ի կարգադրությունը իրավական ակտ չէ, որի օրինականությունը կարող է գնահատել աշխարհիկ դատարանը։ Եկեղեցին նաև պնդել է, որ հայցը վարույթ ընդունելով և հայցի ապահովման միջոց կիրառելով՝ դատարանը միջամտել է եկեղեցու ներքին գործերին։
Իր դիրքորոշումը հիմնավորելու համար Մայր Աթոռը հղում է արել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռների՝ ցույց տալու, որ հոգևորականի և եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել եկեղեցական, այլ ոչ թե քաղաքացիական օրենսդրությամբ։
Եկեղեցին նաև պնդել է, որ հայցվորը չի նշել որևէ իրավական նորմ, որը խախտվել է իրեն հոգևոր ծառայությունից ազատելիս։ Մայր Աթոռի կարծիքով՝ հայցադիմումում հիշատակված իրավական դրույթները հիմնականում վերաբերում են կրոնի ազատությանը, եկեղեցու կարգավիճակին և դատարան դիմելու իրավունքին, բայց չեն հիմնավորում Կաթողիկոսի որոշումն անվավեր ճանաչելու պահանջը։
Պատասխանողը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Արման Սարոյանը հայցը ներկայացրել է ընդհանուր հայցային վարույթի կարգով, չի վկայակոչել Աշխատանքային օրենսգրքի նորմեր և վճարել է պետական տուրք։ Մայր Աթոռի գնահատմամբ՝ այս հանգամանքները ևս ցույց են տալիս, որ վեճը չի ներկայացվել որպես աշխատանքային վեճ։
Եկեղեցին, այդուհանդերձ, նշել է, որ նույնիսկ եթե դատարանը իրեն իրավասու համարի քննելու գործը, հայցը պետք է մերժվի՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։
2026թ. հունվարի 10-ի կարգադրությամբ կաթողիկոսը Արման Սարոյանին ազատել էր եկեղեցական պաշտոնից՝ վկայակոչելով դիրքի չարաշահումը, պարտականությունների կատարման թերացումները և հոգևորականների նկատմամբ ճնշման կամ հարկադրանքի դեպքերը։ Թեմի առաջնորդի պարտականությունները կատարող էր նշանակվել Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
Հունվարի 27-ի մեկ այլ կարգադրությամբ Սարոյանը զրկվել էր հոգևոր աստիճանից և վերադարձվել աշխարհական վիճակի։ Այդ որոշման մեջ, ըստ դատարանի ուսումնասիրած նյութերի, նշվել էին Մայր Աթոռի, հոգևորականների և Կաթողիկոսի հասցեին վարկաբեկող հայտարարություններ անելու, թեմի բնականոն գործունեությանը խոչընդոտելու, Մայր Աթոռի հետ հաղորդակցությունը խաթարելու և հնազանդության ուխտը խախտելու հանգամանքները։
Դատարանը եզրակացրել է, որ գործով չի ապացուցվել Սարոյանի և Հայ առաքելական եկեղեցու միջև աշխատանքային հարաբերությունների առկայությունը։
Դատարանին չի ներկայացվել աշխատանքային պայմանագիր կամ աշխատանքի ընդունումը հաստատող անհատական իրավական ակտ։ Ուսումնասիրվել են նաև թեմի 2022, 2024 և 2025 թվականների նախահաշիվները և Սարոյանի անձնական հաշվի քաղվածքը, որտեղ արտացոլված էին մինչև 2026 թվականի հունվարի 10-ը կատարված վճարումները։ Սակայն դատարանը գտել է, որ այդ փաստաթղթերն ինքնին բավարար չեն աշխատանքային հարաբերությունների առկայությունն ապացուցելու համար։ Դատարանի գնահատմամբ՝ վճարումները կապված են եղել հոգևոր ծառայության և հոգևորականի կարգավիճակի հետ, այլ ոչ թե աշխատանքային պայմանագրով կարգավորվող հարաբերությունների։ Որոշման մեջ նշվել է նաև, որ թեմի նախահաշիվներում հոգևորականներն ու աշխարհական աշխատողները տարանջատված են։
Այս հիմքով դատարանը կարճել է գործի վարույթը՝ այն համարելով քաղաքացիական դատավարության կարգով քննության ոչ ենթակա։
Դատարանը, միաժամանակ, նշել է, որ եկեղեցու ինքնակառավարումը չի նշանակում, թե կարգապահական միջոցներ կիրառելիս կարող են անտեսվել եկեղեցու սեփական կանոնները։ Դատարանի գնահատմամբ՝ թեմի առաջնորդին պաշտոնից ազատելու որոշումը պետք է ընդունվի համապատասխան ներքին ընթացակարգերը պահպանելուց հետո, իսկ հոգևորականին պետք է տրվի իր դիրքորոշումը ներկայացնելու և արդյունավետ պաշտպանվելու հնարավորություն։
Սակայն դատարանը չի քննել Սարոյանին պաշտոնից ազատելու որոշման օրինականության հարցն ըստ էության։ Այսինքն՝ դատարանը չի որոշել՝ Կաթողիկոսի կարգադրությունը հիմնավորվա՞ծ է, թե ոչ, և չի բավարարել կամ մերժել Սարոյանին պաշտոնում վերականգնելու պահանջը։ Գործի վարույթը կարճվել է այն հիմքով, որ դատարանը վեճը չի համարել քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա։
Դատարանը նաև վերացրել է 2026թ. հունվարի 16-ին կիրառված հայցի ապահովման միջոցը, որով եկեղեցուն և այլ անձանց արգելվել էր խոչընդոտել Սարոյանի՝ որպես Մասյացոտնի թեմի առաջնորդի ծառայությանը, այդ թվում՝ ֆինանսական հաշիվների կառավարմանն ու գործարքների իրականացմանը։
Որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում։
Հիշեցնենք, որ հենց այս գործի հետ կապված իրադարձությունների պատճառով է մեղադրանք առաջադրվել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և ևս 6 բարձրաստիճան հոգևորականների։
Ըստ մեղադրանքի՝ Սարոյանը դատարան էր դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու՝ Կաթողիկոսի տնօրինությունը, վերականգնել իրեն պաշտոնում և կիրառել հայցի ապահովման միջոց։ Դատարանը բավարարել էր միջնորդությունը՝ եկեղեցուն և այլ անձանց արգելելով խոչընդոտել Սարոյանի պաշտոնավարմանը, այդ թվում՝ թեմի ֆինանսական միջոցների տնօրինմանը։
Դատարանի որոշումն ու կատարողական թերթը Մայր Աթոռին հանձնելուց հետո Գերագույն հոգևոր խորհուրդը Սարոյանի հայտարարությունները գնահատել է որպես Մայր Աթոռի հետ կապի խզում և հնազանդության ուխտի խախտում և առաջարկել նրան կարգալույծ հայտարարել։
Գարեգին Բ-ն ընդունել է այդ առաջարկը։ Սարոյանը զրկվել է հոգևոր աստիճանից, ինչի հետևանքով նաև կորցրել է թեմի առաջնորդի լիազորությունները։ Քննչական մարմնի գնահատմամբ՝ այդ գործողություններով գիտակցված խոչընդոտվել է դատարանի որոշման կատարումը։
Գարեգին Բ-ից բացի, նույն արարքի համար մեղադրվում են Նաթան Օհանիսյանը՝ արքեպիսկոպոս և Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն, Հայկազուն-Վրեժ Նաջարյանը՝ արքեպիսկոպոս և Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ, Վահան Հովհաննէսյանը՝ եպիսկոպոս և Մայր Աթոռի երիտասարդաց վերապատրաստման ծրագրի տնօրեն, Էդգար Հակոբյանը՝ եպիսկոպոս և Սյունյաց թեմի առաջնորդ, Նելսոն Բաբայանը՝ եպիսկոպոս և Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն, ինչպես նաև Արթուր Հակոբյանը՝ եպիսկոպոս և Գուգարաց թեմի առաջնորդ։




























