«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ հոկտեմբերի 1-ը իրենց համար բավականին մեծ իրադարձություն է խոստանում լինել, քանի որ այդ օրը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ խորհրդարանական լսումներ է անցկացնելու, որի ժամանակ իրենք տեսնելու են, թե ինչպիսի՞ն է ոչ միայն խորհրդարանական, այլև արտախորհրդարանական ուժերի դիրքորշումն այդ արձանագրությունների վերաբերյալ:
Ըստ Լ. Ալավերդյանի, «Ժառանգությունը» հայտարարության տեքստ է պատրաստել և լսումների բոլոր ներկաներին առաջարկելու է ստորագրել այն: Նա տեղեկացրեց, որ մինչ այժմ միայն ՀՅԴ-ն է պատրաստակամություն հայտնել, որ կստորագրի այն, իսկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն էլ նշել է, որ առարկություն ունեն միայն մեկ կետի վերաբերյալ։
Ընդ որում, նմանատիպ մեկ այլ հայտարարություն էլ ՀՅԴ խմբակցությունն է պատրաստել, որի տակ «Ժառանգություն» խմբակցությունն իր հերթին ստորագրություն կդնի։




























