Օրաթերթը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ: Ներկայացնում ենք մի հատված զրույցից:
Կոնգրեսի տարբեր ներկայացուցիչներ հայտարարում են, թե ընդդիմության անելիքը որոշելու է ժողովուրդը։ Եթե ապրիլի 8-ին ժողովուրդը որոշի, որ պետք է մնալ Ազատության հրապարակում, Կոնգրեսի ղեկավարությունը ենթարկվելո՞ւ է այդ որոշմանը։
Հայ ազգային կոնգրեսի ուժը հասարակությունն է, եւ այս հասարակությունը վստահել է ՀԱԿ-ին 2008-ից առ այսօր տեղի ունեցած բոլոր քաղաքական գործընթացներում։ ՀԱԿ-ում ներկայացված ուժերը քննարկում են բոլոր մոտեցումները՝ մնալ Ազատության հրապարակում, գնալ Բաղրամյան պողոտա եւ փակել պողոտան՝ թույլ չտալով, որ Սերժ Սարգսյանը գնա աշխատանքի։ Այդ քայլերի քննարկման, դրանցով հաջողության հասնելու հնարավորությունների արդյունքում է, որ ՀԱԿ-ը ներկայացնում է իր մոտեցումը հասարակությանը։ Բայց եթե Կոնգրեսի առաջարկած մոտեցումը հասարակությունը չընդունի, միանշանակ մենք պարտավոր ենք հետեւել հասարակության որոշմանը։




























