Կոտ դ’Իվուարի ինքնահռչակ նախագահ Լորան Գբագբոյի հետ բանակցությունները վերջինիս կապիտուլյացիայի հարցով ձախողվել են, Ալասան Ուատտարայի ուժերը սկսել են գրոհը Գբագբոյի նստավայրի վրա, ապրիլի 6-ին հաղորդում է «Ռիա Նովոստին»` վկայակոչելով France-Presse-ը:
Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն հայտարարել էր, թե Գբագբոն հեռանկար չունի եւ նրա միակ տարբերակն է ճանաչել իր պարտությունն ու համաձայնեցնել հեռանալու պայմանները:
Գբագբոն թաքնվել է Աբիջանի նախագահական պալատի բունկերում, երբ Ուատտարայի ուժերն իրենց ձեռքն են վերցրել գրեթե ողջ քաղաքը: Ուատտարայի, ՄԱԿ-ի եւ Ֆրանսիայի ուժերի համատեղ գործողությունը սկսվել էր երկուշաբթի, եւ Գբագբոյի ուժերը դադարերլ էին դիմադրությունը:
2010թ. նոյեմբերին կայացած ընտրություններում հաղթանակ էր տարել Ալասան Ուատտարան, սակայն Գբագբոն հրաժարվել էր ընդունել իր պարտությունը:



























