Հայ ազգային կոնգրեսի եւ «Ժառանգության» միջեւ կամուրջներն այրված չեն, ինչպես նաեւ սպառված չեն համագործակցության եզրերը այս երկու քաղաքական ուժերի միջեւ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը` անդրադառնալով  ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի հայտարարությանը, թե «Ժառանգությունը» հանդես է գալիս որպես ՀԱԿ-ին ընդդիմադիր ուժ եւ  փորձում է այրել կամուրջներ ՀԱԿ-ի հետ: «Կամուրջներ այրելը իսկապես լավ հեռանկար չի խոստանում: Բայց պիտի չհամաձայնեմ պարոն Շահնազարյանի պնդմանը, քանի որ, եթե նա վերհիշի, թե ո՞վ է սկսել հարձակումը «Ժառանգության» վրա, ում լրատվամիջոցներն են 2009 թվականից սկսած մինչեւ այսօր զրպարտանքներ, լուտանքներ թափում «Ժառանգության» վրա, ապա նա շատ արագ կարող է ցուցանել կամուրջներ այրողներին»,-հայտարարեց պատգամավորը:  

Նա նաեւ հավելեց, որ ՀԱԿ-ն է, որ անընդհատ հայտարարել է, թե «Ժառանգությունը» ոտքի տակ է ընկնում, նման է երեխային, որը լուրջ գործով զբաղված ծնողներին անընդհատ խանգարում է` ասելով` «չիշիկ եմ ուզում»: «Շատ տարօրինակ է, որ երբ սկսվում է հարձակումն ու դու պատասխանում ես դրան, արդյունքում ստացվում է, որ դու ընդդիմություն ես քեզ վրա հարձակվողին: Գտնում եմ, որ բոլորս կանգ առնելու կարիքը ունենք` սեփական թիմակիցներին հորդորելով` վերջ տալ լուտանքներին: Դա առաջին հերթին վերաբերում է ՀԱԿ-ի պաշտոնաթերթերին»,-նկատեց Սաֆարյանը:

Նա նաեւ անդրադարձավ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը,  թե` Ստեփան Սաֆարյանը հավասարվում է Բարոն Մյունհաուզենին` հայտարարելով, որ իրեն` Զուրաբյանին 2008 թ. մարտի 1-ին տեսել է Լեւոն Տեր-Պետրոսյանի տանը, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված ժողովրդին «իր ժողովուրդը չի համարել»:

«Մարդիկ, ովքեր ասելիք չեն ունենում, անցնում են անձնական վիրավորանքների եւ հեգնանքի: Ես ստիպված եմ այսպես պատասխանել` Լեւոն Զուրաբյանի կինը երազներ է տեսնում եւ իր խմբագրած թերթում տպագրում, իսկ ինքը արկածային գրականություն է կարդում եւ քաղաքական ելույթների մեջ պատմում»,-արձագանքեց Սաֆարյանը` եւս մեկ անգամ պնդելով իր հայտարարությունները Լեւոն Զուրաբյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ օրերս Facebook սոցիալական ցանցում կոնգրեսականների այն հայտարարարություններին, թե «Ժառանգության» պատգամավորները 2008-ի մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ չեն եղել, իսկ Արմեն Մարտիրոսյանն էլ չի դանակահարվել այդ օրը, Ստեփան Սաֆարյանն ի պատասխան գրել էր, որ այդ օրն առավոտյան ինքը Լեւոն Տեր-Պետրոսյանի տանը հանդիպել է նրան, որտեղ վերջինս հայտարարել է, որ Մյասնիկյանի արձանի մոտ «իմ ժողովուրդը չի, գուցե սադրիչներ են»: Դրանից հետո Տեր-Պետրոսյանի թիկնազորի նախկին պետը «բացարձակ սուտ» էր որակել Ս. Սաֆարյանի հայտարարությունը: