Շվեդիայի թագուհի Սիլվիան, ԱՄՆ այցելության ժամանակ, գտնվելով Նյու-Յորքի բուտիկներից մեկում, փորձելով թաքնվել տեսախցիկից, ընկել է եւ վնասել ոտքն ու դաստակը: Այս մասին հաղորդում է Շվեդիայի թագավորական տան մամլո ծառայությունը:
Մամլո ծառայությունից հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի օրը` ապրիլի 4-ին, երբ թագուհին եւ նրա արքայադուստր Մադլենն այցելել էին Նյու-Յորքի բուտիկներից մեկը:
Միջադեպին ականատես է եղել 5 մարդ: Թագուհու թիկնապահները խնդրել են լուսանկարչին հեռանալ եւ չնկարել այդքան մոտիկից, սակայն նա չի համաձայնել:
Ինչպես ասել է թագավորական տան լրատվամիջոցի ներկայացուցիչ Բերտիլ Թերնեթը, լուսանկարիչը շվեդական «Աֆտոնբլադետ» թերթից է եղել:
«Թագուհին սովոր է, որ իրեն լուսանկարում են եւ խնդիրն այն չէ, որ նա չէր ցանկանում լուսանկարվել, պարզապես այստեղ գործ ունենք հետապնդումների հետ: Թագուհին դուրս գալու այլ ճանապարհ ընտրեց, որ արագ իջնի աստիճանները եւ նստի մեքենան: Հենց այդ ժամանակ էլ նա ընկավ, ոլորեց ոտքը եւ վնասեց ձեռքը»,- բացատրել է Թերնեթը:





























