Հայաստանում իշխանությունն ընկալվում է որպես տարերային աղետ։ Ապրիլի 6-ին նման տեսակետ հայտնեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհհաննիսյանը «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «Հարյուր հարց եւ պատասխան» շարքի քննարկման ժամանակ։
Պատասխանելով իշխանական շարքերը լքած քաղաքական գործիչների՝ նախկին համախոհներից ազատվելու եւ իշխանություն լինելու դաջվածքը «լվանալու» մասին հարցին՝ Հովհհանիսյանը նշեց, որ խնդիրը «պիտակի» մեջ չէ, այլ իշխանությունների հանդեպ ժողովրդի վերաբերմունքի՝ ընդհանրապես։
Ինչպես նկատեց ՀՅԴ ներկայացուցիչը, Դաշնակցությունը չի թաքցնում եւ չի ամաչում մի ժամանակ կոալիցիայի անդամ լինելու փաստի համար։
«Դա փորձ էր»,- նշեց Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ իշխանությանը մոտ լինելով՝ հեշտ է փորձել շտկել երկրում գոյություն ունեցող սխալները եւ լուծել խնդիրները։ «Ինչ-որ բան հաջողվեց»,- ասաց պատգամավորը՝ որպես հաջողություն նշելով Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունները։
Պատգամավորը նաեւ նկատեց, որ նրանք, ովքեր փորձում են ջնջել երբեւէ ունեցած իշխանական պիտակը, այսօր ասում են ոչ այն, ինչ առաջ։ Նման բան, կարծում է Հովհաննիսյանը, չի կարող ասվել ՀՅԴ-ի մասին։
Նշենք, որ ՀՅԴ-ն, 1998-2009 թվականներին գտնվելով իշխող կոալիցիայի կազմում, հետագայում՝ ի նշան հայ-թուրքական մերձեցման դեմ բողոքի՝ դուրս էր եկել կոալիցիայից։





























