«Նաիրի» կինոթատրոնի ղեկավարությունը հերքել է մամուլում տարածված լուրերը, թե կինոթատրոնը վաճառվել է ռուսաստանցի գործարար, «Տաշիր» ընկերության ղեկավար Սամվել Կարապետյանին:

«Տարածվող ասեկոսեները, որ «Նաիրի» կինոթատրոնը վերավաճառվել է, չեն համապատասխանում իրականությանը», ասված է «Նաիրի» կինոթատրոնի վարչակազմի տարածած հաղորդագրության մեջ:

Կինոթատրոնի ղեկավարությունը պարզաբանել է նաեւ կինոցուցադրումների դադարեցման փաստը` նշելով, որ «Նաիրի» կինոթատրոնը ժամանակավորապես դադարեցրել է կինոցուցադրումները, քանի որ ավարտվել է նախկինում կնքված վարձակալության պայմանագիրը. «Կինոթատրոնի ղեկավարությունը միջոցներ է ձեռնարկում ապահովել կինոթատրոնի բնականոն գործունեությունը` վերականգնել կինոցուցադրումները»:

Նշենք, որ «Երեւան.ru» կայքը տեղեկություն էր տարածել, թեԵրեւանի ամենահին կինոթատրոնը` «Նաիրին», վաճառվել է Սամվել Կարապետյանին: Ըստ կայքի, վերջին շրջանում կինոթատրոնը կառավարում էր «Պարադիզ» ընկերությունը, որին է պատկանում նաեւ «Կինո Մոսկվան», Սակայն «Պարադիզը» հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը:

Ըստ կայքի տեղեկությունների` «Նաիրի» կինոթատրոնը պատկանում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ղեկավար Ալեքսան Հարությունյանին, «Ուլլիս» ընկերության սեփականատեր Արթուր Մանուչարյանին, ինչպես նաեւ «Կոնվերս» բանկի նախկին տեր Սմբատ Նասիբյանին: