Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի անունից շնորհակալագրեր եւ նվերներ են հանձնվել շուրջ 85 կանանց` «Մայրության եւ գեղեցկության» տոնի առիթով Երեւանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված տոնական ընդունելության ժամանակ: Միջոցառումը կազմակերպվել էր քաղաքապետարանի «Սոցիալապես անապահով ընտանիքներին տոնական օրերին աջակցություն» ծրագրի շրջանակում:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կ. Կարապետյանի անունից շնորհավորելով ներկա մայրերին եւ կանանց, քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը շնորհակալություն է հայտնել մեր երկրի կայացման ու զարգացման գործում հայ կնոջ ունեցած մեծ ավանդի համար:
Շնորհակալագրերի եւ նվերների են արժանացել բազմազավակ եւ մայրանալ պատրաստվող, Արցախյան ազատամարտի մասնակից կանայք, ինչպես նաեւ զոհված ազատամարտիկների մայրեր ու այրիներ:
Կանայք կարեւորել են ապրիլի 1-ից մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններն անվճար դարձնելու որոշումը` համոզմունք հայտնելով, որ նման ծրագրերը շարունակական կլինեն:





























