Մեկ մարդ զոհվել, եւս երեքը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել ամերիկյան Ալաբամա նահանգի Օպելայկա քաղաքում տեղի ունեցած հրաձգության արդյունքում: Հանցագործը ձերբակալվել է:

Ոստիկանության տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել քոլեջի տարածքում, եւ պատճառը եղել է կենցաղային խնդիրը: Հրաձգության արդյունքում զոհվել է 63-ամյա մի կին: Եւս երկու կանայք` 36 եւ 94 տարեկան, վնասվածքներ են ստացել, իսկ 4-ամյա մի աղջնակ վիրավորվել է ապակու կտորտանքից: Նրանց տեղափոխել են հիվանդանոց:

Քոլեջի ուսանողներին ոչինչ չի սպառնում: Կասկածյալն ավելի ուշ ներկայացել է լրագրողներին եւ խոստովանել կատարածը, ինչից հետո ձերբակալվել է: Մարդասպանը եղել է 31-ամյա Ֆրանկլին Մեյ 3-րդը: Նրան սպանության եւ սպանության փորձի մեղադրանքներ են ներկայացվել: Քննության տվյալներով, հանցագործը սպանվածի եւ վիրավորների ազգականն է: