Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 7-ին աշխատանքային այցով ժամանել է Արմավիրի մարզ եւ ներկա է գտնվել Այգեկ համայնքում նորակառույց դպրոցի բացման արարողությանը:

Այգեկի դպրոցի շինարարությունն սկսվել է 2007 թվականից` պետական բյուջեի միջոցների հաշվին:

Մոսկվաբնակ բարերար Ռուբեն Մանուկյանի միջոցներով իրականացվել է դպրոցի արտաքին եւ ներքին հարդարման աշխատանքները: Դպրոցի նորակառույց շենքում ուսում կստանա 183 աշակերտ:

Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Ռուզաննա Արիստակեսյանը, սա բոլորովին նորակառույց շենք է, իսկ մինչ այդ դպրոցը տեղակայված էր այլ շենքում, որը դպրոցի շենք չի եղել: «Արդեն երկուշաբթի օրը կտեղափոխվենք նոր շենք: Մինչ այդ կավարտվեն գույքի տեղափոխման աշխատանքները: Նոր դպրոցը հագեցած է տեխնիկայով եւ անհրաժեշտ բոլոր պարագաներով»,- ասել է նա:

Նշենք, որ դպրոցի բացմանը ներկա են եղել Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը: