Ղարաբաղյան հարցում Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում բավական թույլ են, եւ ղարաբաղյան հարցի հետագա առաջ մղման համար Երեւանը պետք է մշտապես բանակցություններում բարձրացնի Ստեփանակերտի մասնակցության հարցը: Այդ մասին այսօր` ապրիլի 7-ին մամուլի ասուլիսում հայտարարել է ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը:

Խոսելով Ադրբեջանի այն հայտարարության մասին, թե ոչնչացնելու է բոլոր օդանավերը, որոնք կհամարձակվեն վայրէջք կատարել Ստեփանակերտի օդանավակայանում, Սարգսյանն ասել է, թե Բաքվի եռանդը թուլացել է Երեւանի եւ միջազգային հանրության կոշտ դիրքորոշումից հետո: Նրա խոսքով, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե ինքն է լինելու Երեւան-Ստեփանակերտ չվերթի առաջին ուղեւորը, հայկական կողմի դեմարշը դարձավ: Փորձագետը նաեւ նպատակահարմար է համարել Երեւան-Ստեփանակերտ առաջին չվերթի մայիսի 9-ին իրականացումը: