«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն արտաքին քաղաքականության եւ անվտանգության ամրապնդման համար գովեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին։
Ապրիլի 7-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ խորհրդարանականը նշեց, որ գործունեության երեք տարիների ընթացքում Սերժ Սարգսյանին հաջողվել է հասնել մի շարք հաջողությունների՝ արտաքին քաղաքականության եւ երկրի անվտանգության բնագավառներում։ Դե իսկ Հայաստանի անվտանգությունն, ըստ Բոստանջյանի, անխոցելի է։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի զինված ուժերի հետ շփման գծում տեղի ունեցող միջադեպերին, Բոստանջյանը դրանք բացատրեց Բաքվի «նյարդային քայլերով»։
Պատասխանելով երկրի տնտեսական վիճակին վերաբերող հարցին եւ այդ համատեքստում՝ երկրի ղեկավարի հայտարարություններին՝ կապված իրավիճակի փոփոխության անհրաժեշտության հետ, պատգամավորը նշեց, որ պահանջը թելադրված էր իրականությամբ։ Կան լուծման կարիք ունեցող խնդիրներ, եւ հարցը նրանում է՝ ի վիճակի՞ են դրանք լուծել պատասխանատու անձինք։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ են խնդիրների մասին միայն այժմ հիշել, Բոստանջյանն ասաց, որ մինչ այս դրանց որոշման «ինկուբացիոն շրջանն էր»։ Մանավանդ, որ խանգարող հանգամանքներ են եղել, մասնավորապես 2008 թվականի մարտի 1-ը։
Մեկնաբանելով Հայ ազգային կոնգրեսի պահանջների սոցիալական մասը՝ Բոստանջյանը դրանք «լավ» որակեց, քանի որ դրանք ուղղված են երկրում առկա իրավիճակի լավացմանը, այսինքն՝ ի նպաստ պետության բարօրությանը։
Մարտին կայացած խորհրդակցության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր, որ հայ ժողովուրդը տնտեսության մեջ դրական փոփոխություններ կզգա արդեն 2011-ի մայիս-հունիս ամիսներին։




























