Ապրիլի 7-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր` ապրիլի 7-ին Մայր Աթոռի միաբան Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանն ընդունել է «ՌոսԿոսմոսի» պատվիրակությանը, որ Հայաստան էր ժամանել առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի թռիչքին նվիրված «Միաբանության կովկասյան էստաֆետ» ֆորումի միջոցառումների առիթով:

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա տիեզերագնացները եւ գիտնականները Նաթան Սրբազանին են ներկայացրել ֆորումի նպատակները:

Նաթան Սրբազանն անդրադարձել է նաեւ տիեզերագնացների կարեւոր առաքելությանն ու դժվարին հանձնառությանը` գնահատանք հայտնելով նրանց ի դեմս հանդիպմանը ներկա օդաչու-տիեզերագնաց Միխայիլ Տյուրինի:

Վերջում Սրբազան Հայրը հորդորել է ֆորումի մասնակիցներին, հավատարիմ մնալով ժողովուրդների դարավոր եղբայրության ավանդներին, շարունակել տիեզերագիտության ոլորտում տասնամյակների համատեղ աշխատանքը` այն ծառայեցնելով մարդկության կյանքի բարօրությանը եւ առաջընթացին: