Երեւանում այսօր` ապրիլի 7-ին կազմակերպված «Կանայք տեղական ինքնակառավարման  համակարգում»  թեմայով քննարկմամբ մեկնարկել են Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները:

Քննարկմանը բարձրացվել են հասարակական-քաղաքական կյանքում կնոջ  մասնակցության, կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների  ապահովման խնդիրները, ներկայացվել են գենդերային խտրականության վերացմանն  ուղղված ՀՀ կառավարության քայլերը: Մասնավորապես`  նշվել է, որ ՀՀ վարչապետին կից կանանց հարցերով  խորհրդի վերջին նիստում քննարկվել են «ՀՀ գենդերային քաղաքականության 2011-2015 թթ» ռազմավարական ծրագիրը եւ  «ՀՀ գենդերային քաղաքականության 2011 թ. միջոցառումների տարեկան ծրագրի» նախագիծը, ինչպես  նաեւ «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի նախագիծը, որով  առաջարկվում է մեծացնել կանանց ներգրավվածությունը նաեւ ՏԻՄ համակարգում, որտեղ ներկայումս կանանց ներկայացվածությունը  2-2,5 տոկոս է:

Նշենք, որ կատարված հետազոտության արդյունքներով պարզվել է, որ հասարակության լայն շրջանակներում կանայք դեռեւս չեն ընկալվում ղեկավար բարձր պաշտոններում, ինչը հիմնական խոչընդոտներից  է համարվում:  Ըստ հետազոտության` գյուղական համայնքներում կանայք ավելի քիչ են առաջադրվում, քան քաղաքային համայնքներում, մինչդեռ գյուղական համայքներում նրանց հաջողության գործակիցն ավելի բարձր է: