Գյումրիում բարձրագույն կրթությամբ երիտասարդի համար առաջնային խնդիր շարունակում է մնալ զբաղվածությունը. աշխատանքի առաջարկությունները մեծամասամբ չեն բխում նրանց շահերից: Ավելին, Գյումրիի զբաղվածության մարզային կենտրոնում հաշվառված երիտասարդներից շատ քչերին է հաջողվում մասնագիտությանը համարժեք աշխատանք գտնել: Ընդ որում, երիտասարդների գերակշռող մասը գործազուրկ է, ովքեր բուհն ավարտելուց հետո գնում-գրանցվում են զբաղվածության Գյումրիի մարզային կենտրոնում ու համարվում աշխատանք փնտրող:
«Մեկ այլ կարեւոր խնդիր եւս կա. Գործատուն չի վստահում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդին: Բացի դրանից, աշխատանքի տեղավորման հարցում գործատուի պահանջները ավելի քան խիստ են՝ բարձրագույն կրթությունից զատ, գործազուրկից պահանջվում է նաեւ օտար լեզուների եւ համակարգչի իմացություն: Սրանք խնդիրներ են, որոնք լուրջ ուսումնասիրման կարիք ունեն»,-NEWS.am-ի թղթակցին ասել է Գյումրիի Զբաղվածության մարզային կենտրոնի ղեկավար Ամալյա Ադամյանը՝ հավելելով , որ զբաղվածության մասին օրենքում վերջերս կատարված փոփոխության համաձայն, պարզեցվել են գործատու -գործազուրկ հարաբերությունները:
«Որ երիտասարդը չունի աշխատանք, որոշ չափով իր մեղքի բաժինը ունի հենց ինքը: Տվյալ դեպքում երիտասարդը պետք է լինի նախաձեռնողը»,-ասել է Ամալյա Ադամյանն ու հավելել, որ վիճակագրությունը ցույց է տալիս, որ զբաղվածության խնդիրը մեծ է հատկապես Շիրակի մարզի գյուղական համայնքների երիտասարդների մոտ:





























