«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժ.ծառայության բժիշկները հետազոտել են նախնական կալանքում գտնվող Սամսոն Խաչատրյանին եւ պարզել, որ վերջինիս առողջական վիճակը կայուն է, որեւէ վատթարացում չի հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության մամուլի ծառայության ծառայության ղեկավար Արսեն Բաբայանը: Նրա խոսքով, Սամսոն Խաչատրյանի պաշտպանն այսօր` ապրիլի 7-ի առավոտյան հիմնարկի պետին հայտնել է, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը կտրուկ վատացել  է, որից հետո էլ ՔԿՀ-ի բուժծառայության բժիշկները հետազոտել են նրան:

«Այս մասին հայտնվել է նաեւ փաստաբանին, ով, սակայն, քրեակատարողական հիմնարկ է հրավիրել այլ բժիշկների, որոնց չի թույլատրվել հետազոտել Սամսոն Խաչատրյանին այն պարզ պատճառով, որ քրեակատարողական հիմնարկում այլ մասնագետներ հրավիրելու համար օրենսդրությամբ սահմանված են հստակ կանոններ: Թե փաստաբանը, թե նշված բժիշկները չեն պահպանել նշված կանոնները: Մասնավորապես, քրեակատարողական հիմնարկ մուտք գործելու եւ նախնական կալանքում գտնվող անձին հետազոտելու համար չեն ներկայացրել համապատասխան միջնորդություն, ինչն էլ հիմք կհանդիսանար քննարկել  միջնորդությունը եւ ընդունել համապատասխան որոշում»,- ասել է Ա. Բաբայանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ փաստաբանի, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող հայտնի բռնցքամարտիկ, Հայ ազգային կոնգրեսի  ակտիվիստ Սամսոն Խաչատրյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: «Փաստաբանն այսօր ահազանգեց, որ սրտի հիվանդության հետ կապված սրացումներ են սկսվել»,-NEWS.am-ին ասել էր ՀԱԿ-ի իրավական աջակցության կենտրոնի պատասխանատու Արմեն Խաչատրյանը: Նա նաեւ հավելել էր, որ  ՔԿՀ-ի վարչակազմը թույլ չի տալիս, որպեսզի Խաչատրյանին զննի քաղաքացիական բուժհաստատության բժիշկը, իսկ ՔԿՀ-ի բուժմասի բժիշկը հայտարարել է, թե բռնցքամարտիկի մոտ առկա է նեւրոզ, ինչի հետեւանքով էլ նրա մոտ սրտի գանգատներ են ի հայտ եկել:

Հիշեցնենք, որ Սամսոն Խաչատրյանը ձերբակալվել է մարտի 13-ին, ՀԱԿ-ի կազմակերպած մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ քաղաքացիական հագուստով ոստիկանների հետ վիճաբանության մեջ մտնելու փաստի առթիվ: Նա մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Նրա նկատմամբ դատարանի կողմից որպես խափանման միջոց կիրառվել է երկամսյա կալանքը: