Հայ կնոջ կերպարը շատ է փոխվել, բայց ժամանակի մեջ այն դարձյալ անխախտ է: «Կինն այսօր Հայաստանում ուղղակի խեղճացած է, իսկ պատճառը սոցիալական վիճակն է, սեղանին հաց չունենալու, երեխաներին սնելու ու պահելու խնդիրը, բայց ընդհանուր առմամբ ոչինչ չի փոխվել , հայ կինն էլի հերոս է, նախկինում կռվել է թշնամու դեմ, պաշտպանել տունը, ընտանիքը: Այսօր կռվում է սոցիալականի, ճգնաժամի դեմ, ժամանակ կգա եւ այսօրվա հայ կնոջն էլ կհերոսացնեն»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը՝շնորհավորելով  այսօր ապրիլի 7-ի առթիվ գյումրեցի մայրերին:

Նա առանձնակի շեշտել է, թե պայմաններն ու ժամանակը այսօր նպաստում են, որ հայ կնոջ կերպարի անաղարտությունը խախտվի: «Ժամանակին  Հալեպի Սեւիլ թաղամասում՝ 1915թ-ի օրերին  հայ կանայք  անգամ սոված մնալով՝ ձեռք չեն երկարացրել ու նպարավաճառի կողքից նպար չեն վերցրել, իսկ այսօր շատ բացասական երեւույթներ են կատարվում, որ չես էլ ուզում խորանալ, բայց ժամանակի մեջ հայ կնոջ պատմական կերպարը դարձյալ անխախտ է»,-ասել է Հասմիկ Կիրակոսյանը: