Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողներն ահազանգում են համալսարանում իրականացվող կադրային ջարդի մասին: Այս մասին ասվում է Facebook սոցիալական կայքում մի խումբ բրյուսովցիների կողմից տեղադրված հայտարարության մեջ: Ուսանողները դժգոհում են, որ այս տարվա ապրիլի 2-ին Բրյուսովից հեռացվել է երիտասարդ դասախոս Նարեկ Մարգարյանը: Նա դասախոսում էր Մշակութային, մարդաբանության եւ երկրագիտության, ինչպես նաեւ Անգլերենի հաղորդակցման ամբիոններում:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշված համալսարանի աշխատակազմի ղեկավար Նելսոն Ներսիսյանը հայտնեց, որ Նարեկ Մարգարյանի աշխատանքից ազատումը եղել է օրենքի շրջանակներում, քանի որ նա չի կատարել բուհի հետ կնքված աշխատանքային պայմանագրի պահանջները:
«Նա մի ամբողջ օր անհարգելի բացակայել է դասերից: Ըստ աշխատանքային օրենսգրքի, անձը եթե նույնիսկ մի ամբողջ օր անհարգելի բացակայում է դասերից, նա ենթակա է կարգապահական տույժի, ընդհուպ` կարող է լուծարվել նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը: Բացի այդ, Նարեկ Մարգարյանը սիստեմատիկ ուշացել է դասերից` 20 որպե, 30 րոպե, եւ այդ պատճառով էլ նրա հետ կնքված պայմանագիրը լուծարվել է»,-հայտնեց Ներսիսյանը:
Նա նաեւ անդրադարձավ ուսանողների այն պնդմանը, թե բացի Ն.Մարգարյանից, վերջին շրջանում աշխատանքից հեռացվել են նաեւ այլ դասախոսներ, եւ նշեց, որ այս տարի որեւէ դասախոս, բացի Մարգարյանից, չի հեռացվել աշխատանքից: «Եթե նախկինում էլ նման դեպքեր եղել են, ապա դրանք նույնպես օրենքի շրջանակներում են եղել: Հեռացումները կապված են եղել կամ համալսարանի ներքին կարգապահական կանոնները խախտելու, կամ էլ աշխատանքից անհարգելի բացակայելու հետ: Սա մեր աշխատանքային նորմալ պրոցեսն է, եթե մարդը չի ենթարկվում կարգուկանոնին, ի՞նչ է` այդ մարդուն պետք է դնենք գլխներիս մա՞ն տանք»,-հայտարարեց NEWS.am-ի զրուցակիցը:
Մյուս հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում բրյուսովցիների կողմից սկսված նախաձեռնությանը, համալսարանի աշխատակազմի ղեկավարը հրաժարվեց հեռախոսով պատասխանել` պատճառաբանելով, թե վստահ չի, որ խոսում է լրագրողի հետ: «Գիտեք, ես Ձեր անձը կասկածի տակ եմ դնում, նույն հաջողությամբ ինձ հետ կարող էր հեռախոսով խոսել Հոնկոնգի թաղապետերի հավաքարարներից մեկն ու ասել` ես էսինչ մարդն եմ: Եկեք նստեք իմ առջեւ եւ խոսեք»,-առաջարկեց նա:
Նշենք, որ է Facebook սոցիալական կայքում ստեղծված նախաձեռնության մասնակիցները հայտարարում են, որ երկուշաբթի` ապրիլի 11-ին հավաք է տեղի ունենալու, որի ընթացքում իրենք «ՈՉ» են ասելու «Բրյուսովում տիրող կադրային ջարդին»: Միջոցառման նպատակն է բարձրաձայնել ԲՈՒՀ-ի խնդիրները: Համալսարանում վերականգնվելը միջոցառման նպատակներից չէ»,-ասված է հայտարարության մեջ:





























