Մտահոգիչ է, որ Հայաստանում արաբական աշխարհի իրադարձությունները մեկնաբանում են մարդիկ, որոնք այդ տարածաշրջանի մասնագետներ չեն: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը` նկատելով, որ ինքն էլ մասնագետ չէ:

Այդուհանդերձ, փորձագետն իր կարծիքն է հայտնել արաբական աշխարհում ընթացող գործընթացների վերաբերյալ: Նա նշել է, թե չի կարելի միասնական իրադարձություն համարել այն, ինչ կատարվում է արաբական աշխարհում: Եգիպտոսում սոցիալական խռովություն է` պայմանավորված հացահատիկի գներով եւ հացի սուբսիդիաների դադարեցմամբ, Եմենում` Հյուսիսի եւ Հարավի տարաձայնություններն են, Բահրեյնում` սուննի վերնախավի եւ շիա մեծամասնության, Լիբիայում միջցեղային պատերազմ է ընթանում:

«Միակը, որ միավորում է այդ իրադարձությունները, միասնական տեղեկատվական տարածքն է`«Ալ-Ջազիրա» հեռուստաընկերոթյունը: Իրականում արաբական աշխարհում ընթացող իրադարձոթյունները չափազանց տարբեր եւ հեղափոխություններ կամ սոցիալական խռովություններ անվանել հնարավոր չէ: Այնտեղ կան ամերիկամետ, հակաամերիկյան, աղքատ եւ հարուստ, մեկուսացված երկրներ»,- նկատել է Իսկանդարյանը:

Նրա կարծիքով, Հայաստանում տվյալ իրադարձությունները ներկայացնում են այնպես, իբր ժողովուրդը պայքարում է կառավարող ռեժիմի դեմ; Իրականում, ըստ փորձագետի, շարքային հայ ընթերցողին կամ հեռուստադիտողին չպետք է հետաքրքրեն իրադարձությունները, այլ դրանց հետեւանքները, քանի որ այդ տարածաշրջանը մոտ է մեզ: