Այցով Թուրքիա մեկնած Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը հանդիպել է Թուրքիայի իր գործընկերոջ հետ, որի ընթացքում կրկին սպառնացել է Հայաստանին։

Թուրքական Haber3-ի փոխանցմամբ՝  ադրբեջանցի նախարարը շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝  ամեն ոլորտում Ադրբեջանին աջակցելու համար եւ պնդել, թե Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ որեւէ խնդիր չկա։

Աբիեւն անդրադարձել է Ղարաբաղի խնդրին՝ հույս հայտնելով, թե ընթացող բանակցությունները արդյունք կտան։ «Մեր հողերից ոչ մեկին չենք տա։  Ադրբեջանը մոբիլիզացրել է իր ուժերը՝ պատրաստելով զինված ուժերին պետք եղած ժամանակ «ազատագրել» իր հողերը։ Մենք մեր այս խոսքից հետ չենք կանգնելու։ Հայկական ուժերը պետք է առանց նախապայմանների հետ քաշվեն»,-ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը։