Երեւանի կենտրոնում` Մատենադարանի մերձակա հրապարակում ժամը 18:25-ին սկսվել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հրավիրած համահանրապետական հանրահավաքը:

Ինչպես հայտնում է  NEWS.am-ի թղթակիցը, հարթակում են գտնվում արտախորհրդարանական ընդդիմության առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ՀԱԿ-ին անդամակցող մյուս կուսակցությունների ղեկավարները:

Հանրահավաքը վարող, Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյանը, դիմելով հավաքվածներին, նշել է, թե այսօրվա հանրահավաքում ամփոփվելու են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման արդյունքները: Ընդդիմադիր գործչի խոսքով, վերջին երեք տարիները իշխանությունների ձախողումների տարիներ էին բոլոր ոլորտներում` արտաքին քաղաքականությունից մինչեւ բնակչության առանց այն էլ ծանր սոցիալական վիճակի վատթարացում: Ժողովրդավարական ազատությունների եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, ըստ Մանուկյանի, եւս շոշափելի առաջընթաց չկա:

Նշենք, որ հանրահավաքի սկիզբը նշանավորվել է Մաշտոցի պողոտայի վերջնամասում լարվածության աճով, մասնավորապես ոստիկանությունը, օգտվելով հանրահավաքի մասնակիցների թվի նվազումից, փորձ է ձեռնարկել թույլ չտալ Մաշտոցի պողոտայի եւ Կորյունի փողոցի խաչմերուկի փակումը: Մի պահ ոստիկանության հատուկ նշանակության ուժեր էին բերվել, սակայն ցուցարարների ճնշման տակ հատուկջոկատայաինները ստիպված էին ընկրկել: Սաղավարտներով ու վահաններով զինված ջոկատայինները թույլ չեն տալիս, որ ցուցարարները իջնեն Մաշտոցի պողոտայով:

Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի