Ամենահիմնական քայլը, որը մեզ կհասցնի ցանկալի փոփոխության, եւ ժողովրդի վերջնական հաղթանակի, դա ժողովրդի ամբողջական մասնակցությունն է հանհարավաքներին: Այս մասին այսօր` ապրիլի 8-ին ՀԱԿ-ի հանրահավաքում հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:
«Շատ բնական հարց եք տալիս, թե ինչքա՞ն պետք է հավաքվենք եւ նորից տուն գնանք, բայց մենք մեկ օրվա փոքրիկ խնդիր չէ, որ դրել ենք: Մենք պայքարում ենք մեր զավակների, մեր երկրի, ապագա սերունդների համար եւ ինչքան այդ հավաքվելը կազմակերպված լինի, այնքան արագ կլինի մեր հաղթանակը»,- ասել է նա:
«Մարտի 17-ի հանրահավաքին ասում էին, թե ՀԱԿ-ը քաղաքական տեխնոլոգիա էր կիրառել, եւ դա էր ապահովել հանրահավաքի բազմամարդությունը: Այս հանրահավաքը եւ հաջորդները ստիպելու են իշխանություններին, որ այս երկրում լուրջ խնդիրներ կան: Եվ անգամ իշխանություններին համակրող ուժերն են ճնշում գործադրելու իշխանությունների վրա, որ փոփոխությունների գնա:
Մեր հավաքական ամբողջությունը կասեցնել որեւէ մեկը չի կարող, եւ իշխանությունը սկսելու է քայլեր կատարել, իսկ այդ քայլերը հանգեցնելու են իշխանական բուրգի կազմաքանդմանն ու փլուզմանը»,- ընդգծել է Արամ Սարգսյանն ու շարունակել. «Մենք ներս ենք մտնելու Ազատության հրապարակ, եւ սա այն ճանապարհն է, որը տանում է Բաղրամյան պողոտա: Ելքն ու ինչպեսը չեմ ասում, բայց այդ ճանապարհն անցնում է խաղաղ ու անցնցում»:
Իր հերթին Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը նկատել է, որ գործող իշխանությունները սպառնալիք են ներկայացնում Հայաստանի գոյության համար, եւ ընդդիմության գլխավոր նպատակն է թույլ չտալ իրադարձությունների զարգացումը երկրի համար անբարենպաստ ուղղությամբ:




























