Քաղաքապետարանում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում , առանց բյուջեի ֆինանսական լրացուցիչ բեռի, որոշ հաստիքներում աշխատավարձերի  բարձրացում կլինի: Այս մասին նշվել է այսօր` ապրիլի 8-ին Երեւանի Ավագանու նիստում:

Ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Մարտին Վարդազարյանի Երգչախմբային ընկերությանը գույքահարկի արտոնություն տրամադրելու հարցի առնչությամբ քաղաքապետն ասել է, որ հարկային դաշտում միանշանակ պետք է գործի հավասարության սկզբունքը եւ ցանկացած սուբյեկտ պարտավոր է կատարել հարկային պարտավորությունները. «Այլ խնդիր է, երբ օբյեկտիվ պատճառներով հիմնավորված, հնարավոր կլինի կողմնակի միջոցներով օգնել այս կամ այն ընկերությանը` օրենքով սահմանված իրենց պարտականությունները կատարելուն օժանդակելու նպատակով»,-նշել է Կարեն Կարապետյանը:

Դավթաշենի կամրջի նորոգմանն խնդրի վերաբերյալ փոխքաղաքապետ Կամո Արեյանը նշել է, որ Ավագանու կողմից հաստատված Երեւան քաղաքի 2011թ. բյուջեով այդ նպատակով համապատասխան գումար է նախատեսվել եւ ապրիլի վերջին, մրցույթի ամփոփումից հետո, կմեկնարկեն նորոգման աշխատանքները:

Նիստի ավարտին Երեւանի քաղաքապետը մեկ անգամ եւս կոչ է արել ակտիվորեն մասնակցել ապրիլի 9-ին եւ 19-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակներին, նշելով, քաղաքի մաքրության առումով նաեւ բնակչության հոգեբանության, խնդրին մոտեցումների փոփոխություն է անհրաժեշտ:

Որոշվել է ավագանու հերթական հաջորդ նիստը գումարել մայիսի 6–ին: