Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հաջորդ հանրահավաքը կայանալու է ապրիլի 28-ին: Այս մասին Ազատության հրապարակում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո,  հայտարարեց ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Նա նաեւ նշել է, որ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ՀԱԿ-ը երթով գնալու է դեպի Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերին, իսկ արդեն ապրիլի 28-ին հավաքվելու են հանրահավաքի` «կայացնելու իրենց վերջնական վճիռները»:

Այս խոսքից հետո հանրահավաքն Ազատության հրապարակում ավարտվել է եւ մարդիք կամաց-կամաց հեռանում են հրապարակից:

Նշենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում ապրիլի 28-ի հանրահավաքի վերաբերյալ ասել է հետեւյալը. «Մենք ակնկալում ենք, որ մինչեւ հաջորդ հանրահավաքը, որ կկայանա ապրիլի 28-ին, հանուն երկխոսության մեր կողմից առաջ քաշված երեք նվազագույն պահանջները, որոնք են՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը, Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու իրավունքի վերականգնումը եւ մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պաշտոնական հավաստիացումը, կատարված պետք է լինեն։ Եթե դա տեղի չունենա, ապա Հայ Ազգային Կոնգրեսը, սպառված համարելով երկխոսության հնարավորությունը, հարկադրված է լինելու կտրուկ փոխել իր մարտավարությունն ու գործողությունների բնույթը։ Մենք դեռեւս հակված չենք իշխանության հետ վերջնագրի լեզվով խոսելու, բայց ժողովրդի համբերությունն էլ չափ ու սահման ունի։ Ապրիլի 28-ը պետք է դառնա կա՛մ երկխոսության սկզբնավորման, կա՛մ էլ՝ իշխանության ու հասարակության վերջնական ջրբաժանի օր»:

Դիտեք ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺԸ