Ռուսական Տիեզերական հետազոտությունների ինստիտուտը ցանկանում է  համագործակցել Բյուրականի աստղադիտարանի հետ, ինչի առնչությամբ, ինստիտուտի ներկայացուցիչները մի քանի հանդիպումներ են ունեցել աստղադիտարանի ղեկավարության հետ։ Այս մասին ապրիլի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռուսական Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի ներկայացուցիչ Մաքսիմ Դալգանոսովը։ Նրա խոսքով՝ իրենք ներկայումս աստղադիտարանի ղեկավարության հետ  քննարկում են հնարավոր համագործակցությունը եւ պոտենցիալ են տեսնում տիեզերքի վերաբերյալ համատեղ տարբեր ուսումնասիրություններ կատարելու համար:

«Մենք հաճախ մտածում ենք հագործակցել Ամերիկայի, եվրոպական երկրների հետ, սակայն մոռանում ենք, որ նախկին ԽՍՀՄ երկրներս կարող ենք այս ուղղությամբ միասին համագործակցել եւ լավ արդյունքներ արձանագրել»,- ասաց Մ. Դալգանոսովը։

«Ռոսկոսմոս»-ի վարչության պետի տեղակալ Ալեքսանդր Բոչկարեւի խոսքով՝   երկու երկրները կարող են համագործակցել  հատկապես տիեզերական աղբի դեմ պայքարում՝ միացնելով երկու երկրների գիտական պոտենցիալն ու փորձառությունը։

«Բյուրականի աստղադիտարանի հետ կարելի է տիեզերական աղբի դեմ պայքարի ուղղությամբ հիանալի հետազոտություններ իրականացնել, իսկ հետագայում ընդլայնել համագործակությունը եւ նոր համագործակցության ուղիններ մշակել»,-ասաց Ա. Բոչկարեւը։