Սիդնեյի ոստիկանությունը զանգվածային ձերբակալություններ է սկսել Ադրբեջանից Ավստրալիա թմրանյութի խոշոր խմբաքանակի առգրավման հետ կապված, հաղորդում է haqqin.az-ը՝ հղում անելով ավստրալական ԶԼՄ-ներին:

Նախօրեին ոստիկանությունը 3 մարդ է ձերբակալել, որոնք Ավստրալիա 3,4 մլն դոլարի չափով 21 կգ թմրանյութ են տեղափոխել: Թմրանյութը հայտնաբերվել է ձերբակալվածներից մեկի բնակարանում:

Ադրբեջանից Ավստրալիա բեռնատար ինքնաթիռիով թմրանյութի մատակարարման մասին լուրերը տարածվել էին անցած շաբաթ: Այդ ժամանակ պարզվել է, որ Ավստրալիայի սահմանային ոստիկանությունը ստուգման ընթացքում ռենտգենի օգնությամբ բեռներից մեկում հայտնաբերել է 7,5 կգ մետամֆետամին: Այդ խմբաքանակի արժեքը մանրածախ վաճառքում կազմել է 5,6 մլն դոլար:

Խմբաքանակի առգրավվումից հետո 2 շաբաթ անց ձերբակալվել է 48-ամյա Արտու Զահեդը: Նրան մեղադրանք է առաջադրվել մետամֆետամինի մեծ խմբաքանակի մաքսանենգության համար: Արգելվել է գրավի դիմաց նրա ազատ արձակումը: Նոյեմբերի 21-ին նա դատարանի առջեւ է կանգնել:

Իսկ այժմ ավստրալական ԶԼՄ-ները՝ հղում անելով ոստիկանությանը, գրում են, որ Ադրբեջանից Ավստրալիա է տեղափոխվել 21 կգ թմրանյութ, որի շուկայական գինը գնահատվում է 3,4 մլն դոլար: Թմրանյութի փաթեթները փաթաթված են եղել փայլաթիթեղով՝ խուզարկության ժամանակ դրանց հայտնաբերումից խուսափելու համար:

Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանությունը անցած շաբաթ եւս 3 մարդու է ձերբակալել: Կասկածյալներին տեղափոխել են ոստիկանական բաժանմունք, իսկ նրանց ավտոմեքենան ուղարկվել է դատական փորձաքննության:

Հետաքննության շրջանակում ոստիկանությունը խուզարկումներ է անցկացրել Մերիլենդում եւ Սմիթֆիլդում 3 տներում եւ մեկ պահեստում: Խուզարկության ընթացքում հայտնաբերվել է 150 հազար դոլար արժողությամբ եւս 300 գրամ թմրանյութ: Հետաքննությունը շարունակվում է: