Հայաստանի նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի կառավարման երեք տարիները երկու բառով կարելի է որակել ոպես արդյունավետ եւ հուսադրող։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
«Չնայած միջազգային տնտեսական ճգնաժամին եւ հետընտրական դժվարություններին՝ Սերժ Սարգսյանն այս փուլում կարողանում է լուծել առկա խնդիրները»,- նկատեց Շարմազանովը։ Նրա խոսքով, արդյունքներ արդեն իսկ տվել են ժողովրդավարական բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը։ «Իր կառավարման տարիներին Սերժ Սարգսյանը կարողացավ երկխոսություն հարթել իշխանության եւ հասարակության միջեւ՝ ստեղծելով Հանրային Խորհուրդը»,- նշեց պատգամավորը։
Խոսելով արտաքին քաղաքականության ոլորտում ունեցած ձեռքբերումների մասին՝ պատգամավորն ընդգծեց, որ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Հայաստանը կարողացավ դուրս գալ միջազգային մեկուսացումից եւ դառնալ տարածաշրջանում օրակարգ ձեւավորող երկիր։ «Եւ սա ի շնորհիվ Երեւանի նախաձեռնողական արտաքին քաղաքականության»,- նկատեց նա։
Շարմազանովի խոսքով, հայկական կողմը զգալի հաջողությունների է հասել նաեւ ղարաբաղյան հարցում։ «Առաջին անգամ Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային իրավական ակտերում ֆիքսվել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը»,- նկատեց Շարմազանովը։ Նա ընդգծեց, որ հանրապետությունում շատ չլուծված հարցեր կան, եւ իշխանություները դրանք լուծելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկում։
Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությունը տեղի էր ունեցել 2008 թվականի ապրիլի 9-ին։





























