Նոյեմբերի 28-ին, ժամը 10.10-ին, ոստիկանություն է զանգահարել մայրաքաղաքի Ալեք Մանուկյան փողոցի մի բնակիչ եւ հայտնել, որ գիշերը գողացել են իրենց շենքի մոտ կայանված «Մերսեդեսի» կողային հայելիները:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնել է ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Անդրանիկի փողոցի բնակիչ, 21-ամյա մի երիտասարդ:

Նույն օրը ոստիկանության Երեւան քաղաքի վարչության, Կենտրոնական բաժնի եւ Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզներն իր բնակարանից նրան բերման են ենթարկել Մարաշի բաժանմունք: Երիտասարդը տվել է խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

Նոյեմբերի 25-ին Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները գողություն կատարելու համար բերման էին ենթարկել 23-ամյա մի երիտասարդի: Ձեռնարկված հետագա միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա նոյեմբերի 21-ի գիշերը գողացել է Ռուբինյանց եւ Ուլնեցու փողոցներում կայանված երկու «Մերսեդեսի», նոյեմբերի 23-ի գիշերը՝ Յան Ռայնիսի փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Մերսեդեսի» կողային հայելիները:

Նոյեմբերի 24-ի գիշերը նա փորձել է գողանալ Մ. Ավետիսյան փողոցի մի շենքի բակում կայանված «Մերսեդեսի» կողային հայելիները, սակայն իր կամքից անկախ՝ գողությունը ավարտին չի հասցրել եւ ոչինչ չգողանալով՝ հեռացել է:

Պարզվել է նաեւ, որ նոյեմբերի 15-ի գիշերը երիտասարդը գողացել է Ուլնեցու փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Նիվայի» կողային հայելիները:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: