«Արագացված զինվորական ծառայության մասին» օրենքի ընդունման դեպքում բանակում ծառայողների թիվը միայն ավելանալու է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, որը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ:
Օրինագծով նախատեսվում է, որ զինապարտ երիտասարդները կարող են վճարել 10 մլն դրամ, անցնել մեկամսյա արագացված ծառայություն բանակում եւ ազատվել երկու տարով ծառայելու պարտականությունից:
Նրա խոսքով, այն 18 տարեկան երիտասարդը, որը վճարելու է 10 մլն դրամ եւ չի ծառայելու բանակում, կամ ծառայելու է 1 ամիս, նրա փոխարեն ծառայելու են տարիքով ավելի ավագ եւ ավելի փորձառու պայմանագրային զինծառայողներ:
«Վրաստանում կարելի է վճարել 363 հազար դրամ եւ մեկ տարով տարկետում ստանալ բանակում ծառայությունից: Թուրքիայում այդ գումարը միանվագ է եւ այնտեղ վճարում են 1,3 մլն դրամ եւ ծառայել 21 օր: Հունաստանում մոտ 4 մլն դրամ են վճարում: Սա իմ երազած Հայաստանն է, որտեղ այլեւս չի լինի պարտադիր զինվորական ծառայություն»,-ասաց Հայկ Սարգսյանը:
Նա նաեւ թվեր ներկայացրեց. «2012 թվականին բանակում չի ծառայել 8232 քաղաքացի, 2013-ին՝ 7800 քաղաքացի, 2017-ին՝ 7500 քաղաքացի; Նրանց մեծ մասը խուսափում է ծառայությունից: Ես առաջարկում եմ այս մարդկանց բերել բանակ, բերել բյուջե:
Իմ հաշվարկով այս օրենքից օգտվողների թիվը կլինի մի քանի հազար, իսկ մի քանի տարի հետո այդ թիվը կլինի մոտ հազար: Եթե բանակում չծառայող 6-7 հազար քաղաքացիներից կեսը օգտվի այս օրենքից եւ մեկ ամիս ծառայի բանակում, նաեւ վճարի 10 մլն դրամ, մեր բանակում կծառայեն 2500-ով ավել պայմանագրային զինծառայողներ»,-հավելեց պատգամավորը:
Հարցին` պատերազմական իրավիճակում ինչպե՞ս է պատկերացնում զորահավաքը, Սարգսյանն ասաց. «Այն քաղաքացին, ով խուսափել է կամ խուսափելու է ծառայությունից, միեւնույն է, չի վերադառնում: Նրան հայրենիք բերելով՝ տալիս ենք ծառայելու հնարավորություն, նա ընդգրկվում է պահեստազորում ու զորահավաքի կամ պատերազմի դեպքում պարտավորվում է ներկայանալ, հակառակ դեպքում՝ հետապնդվում է Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով»:
Նա խոստովանեց, որ այս նախագիծը ներկայացնելու առաջ այն չի քննարկել ՊՆ-ի հետ:




























