Մեր շուկան փոքր է, ուստի 50-60 տոկոս զեղչերին դժվար է հավատալ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը՝ խոսելով «Սև ուրբաթ»-ի մասին։

«Ի տարբերություն մեր երկրի՝ այլ երկրներւմ տեսնում ենք, թե «Սև ուրբաթ»-ին ինչ իրարանցում է լինում, մարդիկ փողկեր են կոտրում, որ առաջինը մտնեն և ինչ-որ ապրանքներ ձեռք բերեն, որովհետև այնտեղ օրական հարյուրավոր ապրանքներ են վաճառվում, իսկ մի քանի տասնյակի դեպքում այդպիսի զեղչերն անիրատեսական են։ Մեր շուկան փոքր է։ 50-60 տոկոս զեղչերն անիրական են»,-նշեց նա։ 

Հարցին՝ եղել են դեպքեր, որ «Սև ուրբաթ»-ից հետո սպառողները դիմեն, որ գնել են վատ տեխնիկա կամ վատ ապրանք, նա դրական պատասխանեց, բայց նշեց, որ այդ խնդիրը միշտ է առկա։

«Պատճառն այն է, որ չկա պետական կառույց, որը զբաղվում է սպառողների իրավունքների պաշտպանությամբ, միայն ՀԿ-ներն են, որոնք միայն խորհրդատվություն տալու հնարավորություն ունեն, շատ հաճախ հարցն այդպես էլ չի լուծվում»։

Հոգեբան Մարինե Մելոյանն էլ հավելեց, որ առավոտյան արդեն իսկ նկատող ակտիվությունը խոսում է այն մասին, որ տնտեսվարողները կարողացել են ազդել սպառողների հոգեբանության վրա։

«Զեղչ բառն արդեն իսկ գայթակղում է սպառողներին, մանավանդ երբ տոկոսները բարձր են լինում։ Երբեմն սպառողները ցուցափեղկին տեսնելով զեղչ բառը, մտնում և գնում են մի իր, որը իրենց գուցե պետք էլ չէ։ Սա վաճառողի կողմից խորամանկ քայլ է։  «Սև ուրբաթ»-ի շրջանակներում այն մի փոքր ավելի լայն տարածում ունի, վերջին շրջանում նաև Հայաստանում։ Առավոտյան իսկ արդեն նկատելի էր մարդկանց եռուզեռը, դա նշանակում է, որ տնտեսվարողը կարողացել է ազդել սպառողի վրա»,-նշեց նա։