ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը գլխավորել է հայաստանյան պատվիրակությունը՝ «Պեկին+25» Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների նախարարական համաժողովի շրջանակում, հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից։ 

Համաժողովի նպատակն էր ներկայացնել մասնակից երկրների՝ գենդերային հավասարության հաստատմանն ու կանանց հզորացմանն ուղղված ռազմավարական գործողությունները, ինչպես նաև հարթակ տրամադրել տարբեր ոլորտներում նորարարական լուծումների և փորձի փոխանակման համար։

Աշխատանքային հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը Կանանց համաչինական ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ քննարկել է հայ - չինական համագործակցության հեռանկարները՝ կարևորելով երկու երկրների կանանց հիմնահարցերով զբաղվող կազմակերությունների դերը փորձի փոխանակման և համատեղ օրակարգի ձևավորման գործում։

Նա նաև ներկայացրել է Հայաստանի փորձն ու հանձնառությունը՝ կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովման, Հայաստանում աղքատության վերացման և սոցիալական պաշտպանության բարելավման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ինչպես նաև անդրադարձել Հայաստանում բարձր տեխնոլոգիաների բնագավառում երեխաների ակտիվ ներգրավվածությանը, տարբեր մարզերում աղջիկների ֆուտբոլային թիմերի ձևավորմանը:

Համաժողովի ավարտին մասնակից երկրների կողմից ընդունվել է հռչակագիր, որում ներառվել են նաև զինված հակամարտությունների գոտում բնակվող և դրանց հետևանքով տեղահանված կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության, սոցիալական պաշտպանության, առողջապահական ծառայությունների հասանելիության հարցերը։