Սուրինամի դատարանը երկրի նախագահ Դեզի Բաուտերսեին դատապարտել է 20 տարվա ազատազրկման 15 նշանավոր քաղաքական ընդդիմախոսի 1982 թվականին սպանելու համար, տեղեկացնում է Associated Press-ը։
Այս դատավճիռը նշանավորել է հարավամերիկյան երկրում պատմական դատավարության ավարտը, որն սկսվել է 2007 թվականին, երբ Բաուտերսեն ընդունել է կատարած սպանությունների «քաղաքական պատասխանատվությունը», բայց պնդել է, որ ներկա չի եղել այդ հանցագործություններից որեւէ մեկի կատարմանը։
Երեք դատավորներից բաղկացած կոլեգիան որոշումը կայացրել է, երբ նախագահը պաշտոնական այցով գտնվում էր Չինաստանում։ Միեւնույն ժամանակ, դատարանը Բաուտերսեին կալանավորելու օրդեր է տվել։ Նախագահի փաստաբանը դատավճիռն անվանել է «քաղաքական» եւ դիմել է երկրի իշխանություններին։
Բաուտերսեն Սուրինամ կվերադառնա կիրակի, դրանից շատ չանցած պաշտոնական այցով կմեկնի Կուբա։ Առայժմ պարզ չէ՝ կփոխվե՞ն արդյոք երկրի նախագահի պլանները դատավճռի պատճառով։




























