Սուդանի վարչապետ Աբդալա Խամդուքը ԱՄՆ կատարած իր այցի ժամանակ կքննարկի երկրի հեռացումը պետությունների ցանկից, որոնք հովանավորում են ահաբեկչությունը, Al-Arabiya հեռուստաալիքին հայտարարել է Սուդանի ԱԳՆ ներկայացուցիչ Մանսուր Բուլադը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Բուլադի խոսքով՝ Խամդուքը Վաշինգտոնում կհանդիպի նաեւ մի շարք ամերիկացի բարձրաստիճան անձանց: Նա հավելել է, որ Սուդանի վարչապետի այցն ուղղված է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացմանը:
Սուդանի SUNA գործակալության տվյալներով՝ Խամդուքի այցն ԱՄՆ կտեւի վեց օր, իսկ նրան կուղեկցեն մի խումբ սուդանցի նախարարներ:
Սուդանը ներառվել է ահաբեկչությունը հովանավորող պետությունների ԱՄՆ-ի ցուցակում 1993 թվականի օգոստոսի 12-ին: Պատժամիջոցները, մասնավորապես, սահմանափակում են օտարերկրյա գործընկերների հետ սուդանյան բանկերի աշխատանքի հնարավորությունները: Օգոստոսին Սուդանի նոր վարչապետ Աբդալա Խամդուքը հայտնել էր ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսելու մասին ահաբեկչությունը սատարող երկրների ամերիկյան ցանկից Սուդանը բացառելու նպատակով:
Շուրջ մեկ տարի է, ինչ Սուդանում անկայուն իրավիճակ է՝ տնտեսական անկման եւ դրան հաջորդող ժողովրդական բողոքի ցույցերով հրահրված: Ապրիլին Սուդանում տեղի էր ունեցել ռազմական հեղաշրջում: 30 տարի իշխող նախագահ Օմար ալ-Բաշիրը հեռացվել էր իշխանությունից, իսկ ավելի ուշ՝ կալանավորվել: Օգոստոսի վերջում կայացել էր Սուդանի Անցումային ռազմական խորհրդի ղեկավար Աբդել Ֆաթահ ալ-Բուրխանի երդմնակալությունը որպես երկրի Ինքնիշխան խորհրդի ղեկավար: Սուդանի նոր վարչապետ Աբդալա Խամդուքի երդմնակալությունը կայացել էր օգոստոսի 21-ին:





























