Հայաստանում քաղաքական իրադարձությունների վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության վերջին զեկույցում տեղ գտած կոշտ գնահատականները ոչ մի կերպ չեն նպաստում հանրապետությունում ժողովրդավարության խորացմանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կառավարող Հանրապետական կուսակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը:
Նրա խոսքով` պետք է պարզապես ոչ օբյեկտիվ լինել` Հայաստանում ժողովրդավարական գործընթացները չնկատելու համար: «Զեկույցում ասվում է, թե Հայաստանում ընտրություններն անցկացվել են խախտումներով: Իսկ աշխարհի ո՞ր երկրում են դրանք իդեալական կերպով տեղի ունենում: Միացյալ Նահանգներո՞ւմ: Ամեն տեղ էլ լինում են խախտումներ, սակայն կարեւորն այն է, որ Հայաստանում ակնհայտ է դրական դինամիկան, փոփոխություններ են կատարվում նաեւ Ընտրական օրենսգրքում:
Բացի այդ, փաստաթղթում նշվում է, թե ԶԼՄ-ները բազմակարծություն չեն ապահովում: Իմ կարծիքով` սա եւս արդարացի մեղադրանք չէ: Վերջին շրջանում հայկական հեռուստաալիքներով շարունակ ընդդիմադիր գործիչներն են հանդես գալիս»,- եզրահանգել է Մելիքյանը;
Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում խոսվում է Հայաստանում քաղբանտարկյալների առկայության, ընտրությունների ընթացքում բազմաթիվ զեղծարարությունների մասին:





























