Այնտեղ, որտեղ չգիտակցվեց անհետաձգելի փոփոխությունների անհրաժեշտությունն ու հրամայականը, իշխող ռեժիմները մնացին ժողովրդավարական հեղափոխության ալիքի տակ` երբեմն էլ երկիրը ներքաշելով խոր երկպառակտման ու քաղաքացիական պատերազմի մեջ: Այդ մասին ասված է ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի հայտարարության մեջ, որը ցուցադրվելու է Հանրային հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակներում:
«Այնտեղ, որտեղ գիտակցեցին սեփական հասարակության օրինական պահանջներին ընդառաջելու ու վարվող քաղաքականության մեջ արմատական վերանայումների անհրաժեշտությունն ու ճշգրիտ պահը, զարգացումներն այլ ընթացք ունեցան»,- նշել է Փոստանջյանն ու հավելել. «Նորանկախ Հայաստանի Հանրապետությունում ռեֆորմների փորձերն այս 20 տարիների ընթացքում որեւէ ցանկալի արդյունք չեն արձանագրել, եւ ձախողվել են: Այսպես շարունակվելու դեպքում` մենք եւս հայտնվելու ենք կամ խոր բռնատիրության մեջ մնալու կամ դրանից ամեն գնով ու ճանապարհով ելքեր փնտրելու երկընտրանքի առջեւ»:
Ըստ Փոստանջյանի` մեր հասարակությունը գտնվում է խորը ճգնաժամի մեջ: «Կառավարման եւ ղեկավարման համակարգից դժգոհ են գրեթե բոլորը` գործարար, մտավորական, մանկավարժ, բժիշկ, արհեստավոր, շինարար, առեւտրական, աշխատող ու գործազուրկ: 2008 թվականի ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունները փաստեցին, որ կեղծված ընտրություններով, բանակի ուժով եւ արյան բեռով ձեւավորված իշխանությունը չի կարող ծառայել ժողովրդին ու ազգային-պետական շահերին: Նոր սերունդը, որը չի կրում ոչ խորհրդային կուսակցա-նոմենկլատուրային, ոչ էլ ԿԳԲ-ի դրոշմը, ժամանակակից աշխարհում շատ մատչելի կերպով ստանում եւ արագ դառնում է առաջադեմ գաղափարների կրողն ու հետադիմության մերժողը»:
Փոստանջյանը նշել է, որ «երկիրն օլիգարխիկ կուսակցապետության վերածելու ձգտող կուսակցապետերը պետք է գիտակցեն, որ ներկայումս Հայաստանում մենք բոլորս` իշխանությունը, հասարակությունը, քաղաքական ու հասարակական ուժերը, կանգնած ենք ճամփաբաժանի առջեւ: Այդ ճամփաբաժանից բացվող բոլոր ուղիների հեռանկարները պետք է պատշաճ գնահատվեն բոլորիս կողմից: Եւ եթե իշխանության վերանայումն այս ամենից բանտախցերը նորանոր քաղբանտարկյալներով կամ քաղաքական պատանդներով լցնելն ու ժողովրդի արդարացի բողոքը ճնշելը կամ առհամարհելն է, ապա իրենք են բացում ժողովրդի իշխանության ուղղակի իրականացման դուռը»:
Հայտարարությունը եթեր կհեռարձակվի «Հ1» հեռուստաընկերությամբ ապրիլի 10-ին:





























