ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցի այն մասը, որը վերաբերում է քաղբանտարկյալներին եւ 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերին, որոշակի քաղաքական երանգ ունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նրա խոսքով, զեկույցի մնացած մասը, թեեւ մանրամասն ուսումնասիրման կարիք է զգում, այդուհանդերձ, առաջին հայացքից կայացած է թվում:

«Ընդհանուր առմամբ, զեկույցը որոշակի ազդեցություն կունենա Արեւմուտքում, որպես Հայաստանի վերաբերյալ ընդհանուր գնահատական: Նույնիսկ կարելի է ասել, ուղենիշ կլինի»,- նշել է Մանոյանը, ընդգծելով, որ այդ ազդեցությունն առանձնապես ուժեղ կլինի ամերիկյան շրջանակներում:

Հարցին, թե արդյոք զեկույցը հիմք կդառնա՞ Հայաստանում կամ հայաստանյան իշխանությունների մեջ այս կամ այն փոփոխության համար, Մանոյանը պատասխանել է, որ նախագահի համար, զեկույցը, հնարավոր է, մտորումների տեղիք տա, բայց մյուսների համար` դժվար թե: «Նախագահի համար իր կողմից վարվող քաղաքականությունը կարեւոր է դառնում, իսկ այլ շրջանակների համար չեմ կարծում, որ ինչ-որ բան կփոխվի»,- ասել է քաղաքական գործիչը:

Նշենք, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում, մասնավորապես, խոսվում է Հայաստանում քաղբանտարկյալների առկայության, խոսքի ազատության խախտումների եւ ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումների մասին: