ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին պատկանող «Գրեյթ Վելլի» ընկերությունն արդեն երկու օր է` սկսել է մարել խաղողի մթերման արդյունքում առաջացած պարտքերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ընկերության իրավաբանական հարցերով պատասխանատու Նիկոլայ Գասպարյանը:

Ընկերությունն Արարատի մարզի բազմաթիվ բնակիչներից նախորդ տարի խաղող է մթերել, որոնց հետ կնքել է պամյանագիր, համաձայն որոնց 6-ամսյա ժամկետում պետք է մարի պարտքերը: Նիկոլայ Գասպարյանը նշեց, որ պարտքերի մարումը ժամանակավորապես դադարեցվել էր` առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով:

«Տեխնիկական խնդիրներն առաջացել էին դրամական փոխանցումների կանխիկացման հետ կապված: Ընկերությունը չի հրաժարվում իր պարտավորությունները կատարելուց: Մոտակա ժամանակներս ընկերությունն ամբողջ պարտքը կմարի»,-հավաստիացրեց Գասպարյանը: Թե որքա՞ն են դրանք կազմում`«Գրեյթ Վելլի»-ի իրավական հարցերի պատասխանատուն չասաց: Նա նաեւ հերքեց լուրերն այն մասին, որ ընկերությունը սնանկ է, դրա համար էլ չի կարողանում վճարել պարտքերը: «Ընկերությունը սնանկ չէ, վճարունակ է»,-հայտարարեց Գասպարյանը: