Երեքշաբթի մի քանի տասնյակ պեկինամետ ցուցարարներ հավաքվել են Հոնկոնգում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության շենքի մոտ՝ ի նշան բողոքի ընդդեմ «Հոնկոնգում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության պաշտպանության մասին» օրենքի ընդունման, նրանք ոտքերով տրորել են ամերիկյան դրոշը եւ այրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեծ ստվարաթղթե «գլուխը»՝ պահանջելով նրա հրաժարականը, հայտնում է RTHK-ն:
Ցուցարարներն օրվա առաջին կեսին հավաքվել են Չարթեր Գարդեն հանրային այգում, որտեղ կատարել են Չինաստանի ազգային օրհներգը, այնուհետեւ շարժվել են դեպի ամերիկյան գլխավոր հյուպատոսարան: Փորձելով արտահայտել իրենց դժգոհությունն ու զայրույթը համապատասխան օրինագիծը ստորագրելու ԱՄՆ նախագահի որոշման պատճառով, ցուցարարները թափահարելով Չինաստանի դրոշները, ոտքերի տակ են գցել ամերիկյան դրոշը, կարգախոսներ են բղավել՝ Վաշինգտոնին մեղադրելով Չինաստանի ներքին գործերին միջամտելու մեջ:
RTHK-ն հայտնում է, որ ցույցի մասնակիցներից մեկը հեռախոսի պաստառով էր, որում պատկերված էր ամերիկացի առաջնորդի դեմքը, մեկ այլ ցուցարար ստվարաթղթե պաստառ էր բերել, որում ԱՄՆ նախագահի գլխի պատկերը սոսնձված էր հրեշի մարմնին: Ցույցի վերջում մասնակիցներն այրել են ԱՄՆ նախագահի վիթխարի ստվարաթղթե «գլուխը»:
Ցուցարարների մոտ է գնացել դիվանագիտական առաքելության ներկայացուցիչը, որին Թրամփի հրաժարականի պահանջով միջնորդագիր են հանձնել:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հոնկոնգին վերաբերող 2 օրենք էր ստորագրել՝ «Հոնկոնգում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության պաշտպանության մասին», ինչպես նաեւ հատուկ վարչական տարածք որոշակի ոստիկանական հանդերձանքի մատակարարումների արգելքի մասին: Փաստաթղթերը շտկում են Հոնկոնգի նկատմամբ ԱՄՆ 1992 թվականի քաղաքականության մասին օրենքը եւ նախատեսում Հոնկոնգի հետ առեւտրային հարաբերությունների ամենամյա վերանայում՝ կախված նրա ինքնավարության աստիճանից, ինչպես նաեւ պատժամիջոցներ այն անձանց դեմ, որոնց Վաշինգտոնը պատասխանատու կհամարի վարչական շրջանում մարդու իրավունքների խախտման համար:




























